Նախարարը կարևորել է ֆրանսիական ներկայությունը Հայաստանի կրթական համակարգում

Նախարարը կարևորել է ֆրանսիական ներկայությունը Հայաստանի կրթական համակարգում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մարտի 18-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով դեսպանին` նախարարը կարևորել է ֆրանսիական ներկայությունը Հայաստանի կրթական համակարգում: «Մեր երկրի անկախության կարևոր գրավականներից մեկն ազդեցությունների հավասարակշռումն է, և այդ առումով ֆրանսիական ազդեցությունը հատուկ տեղ է գրավում: Իմ կարծիքով, մեր երկու երկրների կրթական ոլորտի համագործակցությունը հենց այս համատեքստում պետք է դիտարկել»,- նշել է նախարարը և ընդգծել Ֆրանսիական համալսարանի դերը մեր կրթական համակարգում` միաժամանակ ցանկություն հայտնել ով ֆրանսիական մասնակցությունն ակտիվացնել կրթական համակարգի բոլոր օղակներում:

Իր հերթին դեսպան Շարպանտիեն, շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ, անդրադարձել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետագա գործունեության հետ կապված ծրագրային և կազմակերպչական մի շարք հարցերի: Ֆրանսիայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել մեր երկրում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ավելացման, ֆրանսիական կրթական հաստատության ուղղությամբ գործնական քայլեր կատարել:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպմանը քննարկվել են նաև կրթության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների համագործակցությանը, զարգացումներին, մարտահրավերներին և հեռանկարին վերաբերող այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում