Ադրբեջանում մեկ դոլարը կարժենա 3 մանաթ. իշխող կուսակցության տնտեսագետ

Նմանատիպ
Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության եւ «Ժողովրդավարություն եւ բարեկեցություն շարժման» անդամ տնտեսագետ Ֆուադ Իբրահիմովը հայտարարել է, որ Ադրբեջանում մոտ ժամանակում մեկ ամերիկյան դոլարը կարժենա 3 մանաթ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ադրբեջանի իշխող կուսակցության անդամը հայտարարել է ադրբեջանական xeber365.com կայքին տված հարցազրույցում:
Լրագրողի այն հարցին` մանաթի հերթական արժեզրկում սպասվում է, թե ոչ, եւ որն է մանաթի իրական արժեքը, ադրբեջանցի տնտեսագետը պատասխանել է.
«Ներկայիս իրողությունները կստիպեն, որ մոտ ժամանակում մանաթի արժեքը ամերիկյան դոլարի նկատմամբ գտնվի 2,85-3 մակարդակի վրա: Եթե մանաթի փոխարժեքն ազատականացվի, ապա այն անպայման կարժեզրկվի, քանի որ Ադրբեջանը ոչ մի տնտեսական լծակ չունի այն կայուն պահելու համար: Մենք ականատես ենք միայն AzTv-ում ադրբեջանական տնտեսության գովաբանմանը»:
Նրա խոսքով` Ադրբեջանը լճացումից հասել է անկման: Բանկերում հաճախորդների հետ խնդիր են ծագել, պարտատերերին սկսել են ձերբակալել:
«Դրանք անկման ազդանշաններն են: Ձեռնարկատերերը դադարեցրել են գործունեությունը, նրանք սնանկացած վիճակում են: Մի կերպ գոյատեւելով աշխատում են միայն առեւտրային օբյեկտները, մյուս բնագավառները անկման են գնում: Վերջին երեք ամիսներին բազմաթիվ բնագավառներում միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողներն ավելի շատ եկամտային եւ վարձակալական հարկեր են վճարում: Իսկ դա երկար չի կարող շարունակվել», -նշել է նա:
2015 թվականի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի Կենտրոնական բանկի կողմից ազգային արտարժույթի` մանաթի լողացող փոխարժեքի անցնելու մասին ընդունած որոշումից հետո ամերիկյան դոլարի եւ եվրոյի նկատմամբ մանաթի փոխարժեքը 100 տոկոսից ավելի արժեզրկվել է, ինչը բերել է սննդամթերքի եւ այլ ապրանքների մոտ 50 տոկոսով թանկացման, ինչպես նաեւ աշխատատեղերի կրճատման ու գործազրկության աճի: Այդ բոլորը Ադրբեջանի շրջաններում բազմաթիվ բողոքներ է առաջացրել: Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատացման պատճառով խիստ մեծացել են բանկերին պարտքեր ունենալու հողի վրա ինքնասպանությունների թիվը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում