Ստամբուլի պայթյունից տուժած հայ Օգսեն Խաչանյանի ձեռքերը գիպսի մեջ են

Ստամբուլի պայթյունից տուժած հայ Օգսեն Խաչանյանի ձեռքերը գիպսի մեջ են

Ստամբուլի կենտրոնում մարտի 19-ին ահաբեկչության հետևանքով վիրավորված հայ Օգսեն Խաչանյանը շարունակում է բուժում ստանալ Շիշլիի «Էթֆալ» հիվանդանոցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Խաչանյանի եղբայրը` Աշոտը և մայրը` Արաքսին Ստամբու լի հայկական «Ժամանակ» պարբերականին տեղեկացրել են, որ Օգսենի ապաքինումն ընթանում է բնականոն հունով:

Օգսենին այլևս կաթիլային ներարկումներ չեն անում, սակայն նա դեռևս սրսկումներ է ստանում: Պայթյունից հետո նրա ձեռքերը դրվել էին գիպսի մեջ: Թեպետ այս պահին գիպսը հանված է, սակայն Օգսենը չի զգում ձախ ձեռքի երկու մատները: Հետագայում կարող է լինել ձեռքերը կրկին գիպսի մեջ դնելու անհրաժեշտություն:

Արաքսի Խաչանյանը հայտնել է, որ իր որդու ինքնազգացողությունը լավ է, իսկ տրամադրությունը` համեմատաբար բարձր: Աշոտ Խաչանյանը, հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել Օգսենի աշխատավայրից մոտ 20 քայլ հեռավորության վրա:

Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայի վրա մարտի 19-ին ահաբեկչական պայթյուն է իրականացվել, որին զոհ է գնացել չորս մարդ: Մահապարտ ահաբեկիչը ևս կնքել է մահկանացուն: Հաղորդվում է 36 վիրավորների մասին, որոնցից 7-ի վիճակը ծանր է: Վիրավորներից 12-ն օտարերկրացիներ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում