ԵՄ-ի կազմից դուրս գալը կարող է 145 մլրդ դոլար նստել Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա

ԵՄ-ի կազմից դուրս գալը կարող է 145 մլրդ դոլար նստել Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա

Եվրամիության կազմից դուրս գալը Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա կարող է 100 մլրդ ֆունտ ստեռլինգ (145 մլրդ դոլար) նստել եւ մինչեւ 2020 թվականը 950 հազար աշխատատեղի կորստի վերածվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է The Guardian թերթը, որը PricewaterhouseCoopers խորհրդատվական ընկերության ուսումնասի րությունների տվյալները հրապարակել է Բրիտանական արդյունաբերության համադաշնության (ԲԱՀ) համար:

«Տնտեսությունը դանդաղորեն կվերականգնվի երկար ժամանակի ընթացքում, բայց արդեն երբեք չի վերադառնա նախկին ռելսերի վրա: Այս վերլուծությունը հստակորեն ցույց է տալիս, որ ԵՄ-ի կազմից դուրս գալն իրական հարված կլինի կենսամակարդակին, աշխատաշուկային եւ աճին»,- ասել է ԲԱՀ-ի ղեկավար Կարոլին Ֆեյրբեռնը:

Եվրամիությանը Միացյալ Թագավորության հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն կանցկացվի հունիսի 23-ին: Համապատասխան որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Բրյուսելում կայացած փետրվարյան գագաթնաժողովում հաջողվեց համաձայնեցնել ԵՄ-ի բարեփոխումների փաթեթը: Ինչպես ցույց է տալիս հասարակական կարծիքի հարցումների մեծ մասը, ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների եւ այդ քայլի հակառակորդների թիվն այժմ գործնականում հավասարվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում