Արամ Ա-ն ցեղասպանագետ Միհրան Դաբաղին պարգևատրել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Նմանատիպ
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ցեղասպանագետ Միհրան Դաբաղին պարգևատրել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Ինչպես տեղեկացրին Անթիլիասի մամուլի ծառայությունից, պարգևատրումը տեղի է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ազգային վարչության անդամների և Լիբանանի Հայ դատի ներկայացուցիչների ներկայությամբ:
Միջին Արևելքի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Վերա Եագուպյանը հակիրճ ներկայացրել է Միհրան Դաբաղի կենսագրությունը, գործունեությունն ու լույս ընծայած աշխատությունները:Արամ Ա կաթողիկոսն էլ իր խոսքում նշել է, որ Հայ դատի, Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ ժողովրդի արդար իրավունքների ու հատուցման գործում ներդրում ունեցող թե հայ, թե օտարերկրացի գիտաշխատողները սիրելի ու գնահատելի անձինք են:
«Հատկապես կարևոր է այն, որ Միհրան Դաբաղն աշխատում է գերմանական համալսարաններում՝ նկատի ունենալով Գերմանիայի դերը Հայոց ցեղասպանության տարիներին, ինչպես նաև եվրոպական և միջազգային կառույցներում այդ երկրի ունեցած դիրքը»,- ասել է Արամ Ա-ն:
Միհրան Դաբաղն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ ընդգծելով, որ իր համար ստացած շքանշանը մեծ խորհուրդ ունի, քանի որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հիշողության և պահանջատիրության վայր է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում