Բուֆֆոնը շնորհակալություն է հայտնել բոլոր թիմակիցներին

Նմանատիպ
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնն Իտալիայի առաջնությունում ամենաերկար «չոր» շարքի ռեկորդակիր դառնալու համար շնորհակալություն է հայտնել բոլոր թիմակիցներին՝ գրառում կատարելով «Facebook»-ի իր պաշտոնական էջում:
-Ոչ մի ռեկորդ չի կարող մեկ մարդու գործողությունների արդյունք լինել, դրա համար ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս տղաներին: Նետոյին՝ այն հանգստության համար, որը նա թիմին հաղորդում է խաղադաշտ դուրս գալիս: Ռուբինյոյին, ով միշտ ձգտում է ավելիին և հիանալի մթնոլորտ է ստեղծում: Կյելինիին, որովհետև նա երբեք չի հանձնվում: Կասերեսին՝ այն նվիրվածության համար, որը երբեք նրան չի լքում: Ալեքս Սանդրոյին, քանի որ միշտ հաճելի է տեսնել՝ ինչպես է պաշտպանը դրիբլինգ կատարում:
Բարցալիին, պարզապես պետք է կլոնավորել նրան: Բոնուչիին, ով իր բնավորությամբ թիմին առաջ է տանում: Ռուգանիին, քանի որ նա կարողանում է լսել, ինչը բացառիկ շնորհ է: Լիխտշտայներին, նա ներկայիս «Յուվենտուսի» ոտքերն է: Էվրային, եթե նա մեզ հետ չլիներ, մենք պետք է գնեինք նրան: Խեդիրային, ով ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է: Մարկիզիոյին, ով միակ ֆուտբոլիստն է, ում 100% ճանաչում եմ: Պոգբային, նա ապրում է ֆուտբոլով և թարմացնում է այն: Էրնանեսին, քանի որ յուրաքանչյուր թիմում պետք է մարգարե լինի: Լեմինային, ում համար գոյություն ունի միայն «Յուվենտուսը»:
Պադոինին, ով կխաղա այն դիրքում, որտեղ նրան խնդրեն: Կվադվո Ասամոային, ում խաղալու ցանկությունն ուժեղ է վնասվածքներից: Ստուրարոյին, ով միշտ կանգնում է և ցանկանում է հաղթել: Պերեյրային, քանի որ ֆուտբոլում կարևոր է ստեղծարարությունը: Ձաձային, ով ծնվել է ցանկացած դիրքից գոլ խփելու ունակությամբ: Մորատային, ով միշտ մեզ պետք է: Կուադրադոյին, ով խաղում է «բռնիր ինձ, եթե կարող ես» սկզբունքով: Մանջուկիչին, ով առաջինն է վազում գրոհի ժամանակ և առաջինն է գալիս, որպեսզի օգնի պաշտպանությանը: Դիբալային, ով հենց այնպես չի ստացել «21» համարը: Եվ Միստերին՝ հաղթանակների տաճարի ղեկավարին,-գրել է Բուֆֆոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում