«Հրապարակ». Ա. Սիմոնյան. ՀԱԿ-ը ՀՀԿ-ի համար բուֆերի դեր է ստանձնել

«Հրապարակ». Ա. Սիմոնյան. ՀԱԿ-ը ՀՀԿ-ի համար բուֆերի դեր է ստանձնել

«Հրապարակ»-ը գրում է. «Ապրիլի 17-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ, այդ թվում՝ Հրազդան քաղաքում։ Այստեղ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանի դեմ, բացի «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածուից, կպայքարի նաև ազատամարտիկ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը։ Այս առիթով ՔՊ վարչության անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմել էր նույն խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին՝ իրենց քվոտայով հանձնաժողովի անդամների տեղերն իրենց տրամադրելու հարցով։ ՀԱԿ-ը, սակայն, մերժել էր։ Նույնկերպ հրաժարվել էր իր տեղերը տրամադրել նաև «Ժառանգությունը»։ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել էր, որ որոշումը վերջնական է՝ հավելելով, որ «Քաղաքացիական պայմանագրի» աջակցության ակնկալիքն իրենք կբավարարեն այն առումով, որ Հրազդան կգործուղեն, իր խոսքերով, հանձնաժողովի անդամների հավաքական»։

Թերթը թեմայի շուրջ զրուցել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հետ։ Վերջինս ասել է, որ խոսքն այստեղ վերաբերում է ՀԱԿ-ին, քանզի «Ժառանգության» պարագայում, ըստ նրա, այն մարդկային, բարոյական, նաև իրավական պարտավորությունները, որ ունի ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» չունի։ Եվ իրենք նրանց հասցեին որևէ դատապարտող բան չեն ասի։

«Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա ասել եմ ու նորից կասեմ, որ ՀԱԿ-ի ստեղծման օրվանից, եթե հաշվես իրենց գործելաոճը, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի բուֆեր հանդիսանան և Սերժ Սարգսյանին, և ՀՀԿ-ին, որ նրանց իշխանությանը պահեն։ Դա իմ անձնական դիրքորոշումն ու վերաբերմունքն է, ես չեմ արտահայտում կուսակցության կարծիքը»,-ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում