Ընդդիմությանն ԸՕ-ի շուրջ միասնական հարթակ ստեղծել չի հաջողվում, իշխանությունը պատրաստ է ցանկացած ձևաչափով քննարկման

Ընդդիմությանն ԸՕ-ի շուրջ միասնական հարթակ ստեղծել չի հաջողվում, իշխանությունը պատրաստ է ցանկացած ձևաչափով քննարկման

Հայաստանի ներքին քաղաքական օրակարգի կարևորագույն և առաջնային հարցերից մեկը շարունակում է մնալ ընտրական նոր օրենսգրքի ընդունումը: Ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն պատրաստ է և դրվել է հանրային քննարկման: «Արմենպրես»-ն ամփոփ ներկայացնում է ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ծավալվող վերջին քննարկումների արդյունքները, քաղաքական ուժերի միջև համագործակցության հնարավորությունը:

Նոր օրենսգրքի վերաբերյալ ընդդիմադիր քաղաքական ուժերն ունեն սեփական պատկերացումներն ու առաջարկները, որոնց մի մասն իշխանությունների համար ընդունելի են, մյուս մասը՝ ոչ: Սակայն, եթե ընդդիմության առաջարկներին իշխանության դեմ լինելը կարելի է հասկանալ, անհասկանալի է ընդդիմադիր քաղաքական ուժերի հակասությունները ընտրական օրենսգրքի շուրջ միասնական հարթակ ձևավորելու հարցում: Թեև ընդդիմադիր քաղաքական ուժերի մոտեցումները համընկնում են, սակայն միասնական հարթակ ձևավորելու հարցում համաձայնության գալ, կարծես, չի հաջողվում:

Ընդդիմության հիմնական պահանջները շարունակում են մնալ ընտրացուցակների մաքրումը, ընտրություններից հետո ստորագրված ցուցակների հրապարակումը, ընտրությունների ժամանակ բոլոր տեղամասերում տեսախցիկների հրապարակումը և օնլայն հեռարձակումը, կրկնակի քվեարկությունները բացառելու նպատակով մատների թանաքոտման եղանակի կիրառումը, հանրային սեկտորի ներգրավվածության ընդլայնումը:

Այս 5 հիմնական կետերի շուրջ ՀԱԿ-ն ընդդիմադիր քաղաքական ուժերին առաջարկել էր ստեղծել միասնական պլատֆորմ: Ազգային ժողովում խորհրդարանական վերջին ճեպազրույցների ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ այս ընթացքում քննարկումներ են ունեցել տարբեր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հավելելով, որ միասնական պլատֆորմը ձևավորման փուլում է: Չնայած Զուրաբյանի նման հայտարարությանը՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ «Ժառանգություն»-ը ՀԱԿ-ի առաջարկած միասնական պլատֆորմին միանալու անհրաժեշտություն չի տեսնում՝ հավելելով, որ ավելի շուտ ՀԱԿ-ն է վերցրել իրենց առաջարկներն ու միացել իրենց: Նույն դիրքորոշումն ունի նաև ԲՀԿ-ն: ԲՀԿ խմբակցության ղեկավար և կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը ևս հայտարարեց, որ հաշվի առնելով անցյալի փորձը, ԲՀԿ-ն զերծ է մնում ցանկացած եռյակ-քառյակի ձևաչափով համագործակցությունից: Նա հավելեց, որ ԲՀԿ-ն ունի սեփական մոտեցումներն ու առաջարկները և դրանցով շարժվելու է առաջ:

Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի որոշ առաջարկներ իշխանությունների համար ընդունելի են: Մասնավորապես, նա մատնանշել է ընտրական տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու առաջարկը, որը կարելի է կիրառել՝ գործարկման պատշաճ մեխանիզմներ գտնելու պարագայում: Իշխանությունները կողմ են նաև ընտրական տեղամասերում լրագրողների և դիտորդների թվի սահմանափակման վերաբերյալ դրույթում փոփոխություններ կատարելուն ու պատրաստ են լսել ցանկացած ողջամիտ առաջարկ:

Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է իշխանությունների դիրքորոշումն այն հարցում, որ ստորագրված ընտրական ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է: Դրա փոխարեն իշխանությություններն այլընտրանքային տարբերակ են առաջարկում: Ընտրական օրենսգրքի նախագծում սահմանված է, որ ընտրություններից հետո ցանկացած վստահված անձ կամ դիտորդ ցանկացած տեղամասում կարող է պահանջել ու ստանալ ստորագրված ընտրացուցակները, քաղվածքներ անել և խախտումներ հայտնաբերելու դեպքում դիմել դատարան: Ընտրական ցուցակները մաքրելու այլընտրանքային տարբերակ ի շխանությունները համարում են բացառապես նույնականացման քարտերով քվեարկության կազմակերպումը, ինչը պատրաստ են քննարկել ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Իշխանությունները սկզբունքորեն դեմ չեն նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ 4+4+4 սկզբունքով ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ ծավալելու առաջարկին, այսինքն՝ օրենսգրքի քննարկման համար ստեղծել աշխատանքային խումբ, որում ներգրավված կլինեն 4 իշխանության, 4 ընդդիմության և 4 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Թե որքանով ընդդիմադիր քաղաքական ուժերին կհաջողվի միասնական հարթակ ստեղծել ու հանդես գալ միասնական օրակարգով, ցույց կտա ժամանակը: Իսկ ընտրական օրենսգրքի նախագծի հերթական քննարկումը նախատեսված է մարտի 22-ին: Ազգային ժողովի նիստերի դահլիճում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է լայն խորհրդարանկաան լսումներ, որին կմասնակցեն խորհրդարանական, արտախորհրդարանական քաղաքական ուժեր, քաղաքացիական հաաարակության ներկայացուցիչներ:

Համաձայն Հայաստանի նոր Սահմանադրության՝ ընտրական նոր օրենսգիրքը պետք է ընդունվի մինչև 2016թ. հունիսի 1-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում