Օբաման հայտարարել է Կուբայի հետ հարաբերություններում «նոր օրվա» սկսվելու մասին

Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, որը պատմական այցով գտնվում է Կուբայում, երկրի ղեկավարության հետ կայացած բանակցություններից հետո հայտարարել է Վաշինգտոնի եւ Հավանայի հարաբերություններում «նոր օրվա» սկսվելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Վերջին գրեթե 90 տարվա ընթացքում Կուբա այցելած ԱՄՆ-ի առաջին նախագահը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը փոփոխություններ չի պարտադրելու հաղթանակած սոցիալիզմի երկրին, եւ նրա ճակատագիրը պետք է որոշեն կուբացիներն իրենք: Դրա հետ մեկտեղ նա խոստացել է «ավելի ագրեսիվորեն» ճնշում գործադրել Կոնգրեսի վրա, որպեսզի նա չեղարկի տնտեսական էմբարգոն, որը սահմանվել է 1959 թվականին Կուբայում տեղի ունեցած հեղափոխությունից հետո: Օբաման չի կասկածում, որ շրջափակումը վաղ թե ուշ կվերացվի, բայց թե երբ դա տեղի կունենա, նա չի փորձել գուշակել:
Իր կողմից Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ Հավանան պատրաստ է երկխոսություն զարգացնել Վաշինգտոնի հետ, հորդորել է քաղաքակիրթ գոյակցություն ապահովել եւ բանավիճել է Օբամայի հետ այն հարցի շուրջ, թե որ երկրում են ավելի հարգված մարդու իրավունքները:
Ամփոփիչ մամուլի ասուլիսում պետությունների ղեկավարները լավատեսություն էին ճառագում եւ համաձայնել են համատեղ լուծել ԱՄՆ-ի եւ Կուբայի փոխհարաբերություններում առկա վիճելի հարցերը: Սակայն նրանք ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում