Քերին նշել է Ռուսաստանի ղեկավարության հետ իր այցի ընթացքում քննարկվելիք թեմաները

Քերին նշել է Ռուսաստանի ղեկավարության հետ իր այցի ընթացքում քննարկվելիք թեմաները

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվա իր այցի ընթացքում մտադիր է Ռուսաստանի ղեկավարության հետ քննարկել անվտանգության խնդիրները, Մերձավոր Արեւելքի եւ Ուկրաինայի իրադրությունը, ինչպես նաեւ մի շարք այլ կարեւոր թեմաներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է ՌԻԱ Նովոստիին:

«Ակներեւ է, որ մենք քննարկելու ենք անվտանգության, Մերձավոր Արեւելքի, Ուկրաինայի հարցերը»,- ասել է Քերին՝ պարզաբանելով, թե առաջին հերթին ինչ թեմաներ է ինքը պլանավորում քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հարցին՝ Մոսկվայում բանակցությունների ընթացքում քննարկվելու են արդյոք հատուկ թեմաներ, պետքարտուղարն ասել է. «Հատուկ թեմաները շատ են», չճշտելով, թե հատկապես որոնք են դրանք:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի Մոսկվա այցը կկայանա մարտի 23-24-ին, Քերին բանակցություններ կվարի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում