Կառավարությունն ամեն ինչ անում է, որ արժանի ուսանողները կարողանան գիտելիք ստանալ. Հովիկ Աբրահամյան

Կառավարությունն ամեն ինչ անում է, որ արժանի ուսանողները կարողանան գիտելիք ստանալ. Հովիկ Աբրահամյան

Հայաստանի կառավարությունը` երկրի նախագահի գլխավորությամբ, ամեն ինչ անում է, որ արժանի ուսանողները, անկախ սոցիալական խնդիրներից, կարողանան գիտելիք ստանալ: Այս մասին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից 794 ուսանողների ուսման վարձի փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությանը նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և կառավարությունը շատ արդյունավետ համագործակցում են, և ծրագիրն իրականացվում է ի նպաստ այն ուսանողների, ովքեր ունեն սոցիալական խնդիրներ: Մեր սահմանամերձ համայնքներում ապրող 142 ուսանողներն օգտվել են առանց մրցույթի: Կարծում եմ, որ շատ արդար է, մեր քայլերը շարունակական բնույթ են կրելու: Այս հարթակն ինձ համար շատ հարազատ է: Կառավարությունն ամեն ինչ անում է, որ արժանի ուսանողները, անկախ սոցիալական խնդիրներից, կարողանան ստանալ գիտելիք, որը, համոզված եմ, օգտագործելու են մեր երկրի, սփյուռքի և Արցախի զարգ ացման գործում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց վարչապետը: Հովիկ Աբրահամյանը շեշտեց` համոզված է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն անաչառ կերպով կազմակերպել է մրցույթը:

Վարչապետը հորդորեց, որ երիտասարդներն ուսանողական տարիներն արդյունավետ օգտագործեն: «Գիտելիք ձեռք բերելով՝ կնպաստեք մեր երկրի առջև դրված ներքին և արտաքին մարտահրավերները հաղթահարելու գործընթացին: Կառավարությունն ապագա սերնդին աջակցելու է բոլոր հարթակներում, կառավարությունում էլ կան երիտասարդ կադրեր»,-շեշտեց Հովիկ Աբրահամյանը:

«Հինգ տարում կրթաթոշակ է ստացել մոտավորապես հինգ հազար ուսանող: ՀԵՀ-ը կառավարության աջակցությամբ կարողացել է փոխհատուցել սոցիալապես անապահով, սահմանամերձ համայնքներում բնակվող և գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների ուսման վարձերը»,- ընդգծեց ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում