Իշխանությունները հակված են հանել լրագրողների թվի սահմանափակումը

Իշխանությունները հակված են հանել լրագրողների թվի սահմանափակումը

Իշխանությունները քննարկում են ընտրական օրենսգրքի նախագծում ընտրական տեղամասերում լրագրողների թվի սահմանափակման դրույթը փոփոխելու և լրագրողներին այդ սահմանափակումից հանելու հարցը: Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: «Մենք հանգում ենք այն եզրակացության, որ կարող ենք ԶԼՄ-ներին հանել ընտրական օրենսգրքի նախագծում ամրագրված սահմանափակումից, սակայն կարող ենք սահմանափակել յուրաքանչյուր լրատվամիջոցի կողմից հավատարմագրվող լրագրողների թիվը: Օրինակ, կարող ենք սահմանել, որ յուրաքանչյուր ԶԼՄ կարող է հավատարմագրել 50 լրագրող»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ այս տարբերակը կարող է հնարավորություն տակ գալ փոխզիջումնային տարբերակի: «Մեր հիմնական մտահոգությունն այն է, որ այս համակարգով մենք յուրաքանչյուր տարածքում հնարավորություն ենք ստեղծում ունենալ 100-ից ավել թեկնածու: Եթե յուրաքանչյուր թեկնածուն ունենա իր վստահված անձին տեղամասային կենտրոնում, դա կարող է լարվածություն առաջացնել: Դրա համար է, որ մենք որոշել ենք սահմանափակել վստահված անձանց թիվը: Սակայն այս դեպքում էլ մնում է մի մտահոգություն, որ թեկնածուի վստահված անձինք տեղամասում կարող են հայտնվել լրագրողի կամ դիտորդի անվան տակ: Եվ այստեղ էր, որ պետք էր որոնել լուծում: Ես արդեն ասացի, թե ինչ տարբերակի ենք մենք հակված լրագրողների մասով, սակայն տեղական դիտորդների մասով լուծումներ դեռ չունենք»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նա հավելեց, որ լրագրողների և դիտորդների թվի սահմանափակման դրույթի հետ կապված քննարկումները շարունակվում են՝ հույս հայտնելով, որ վերջնական արդյունքում հնարավոր կլինի հասնել փոխզիջումնային տարբերակի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում