Զինադադարի սկսվելուց հետո Սիրիայում վիրավորների եւ զոհվածների թիվը կտրուկ կրճատվել Է. բժիշկներ

Զինադադարի սկսվելուց հետո Սիրիայում վիրավորների եւ զոհվածների թիվը կտրուկ կրճատվել Է. բժիշկներ

Ռազմաճակատում վիրավորների եւ զոհվածների թիվը կտրուկ կրճատվել է Սիրիայում ազգային հաշտության գործընթացի սկսվելուց հետո: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է Լաթաքիայի զինվորական հոսպիտալի պետ գեներալ Բադիա Իսմայիլ ալ Աթրաշը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2011 թվականից ի վեր Սիրիայում հակամարտության զոհ է դարձել 470 հազար մարդ, եւս 1,9 միլիոն սիրիացի այդ ժամանաշրջանում վիրավորվել է:

«Վերջին շաբաթվա ընթացքում ստացվող վիրավորների թիվը նախկինի համեմատությամբ բավականին կրճատվել է: Կարելի է ասել, որ մենք հանգստանում ենք, սա չորս տարվա ընթացքում առաջին շաբաթն է, երբ կարելի է հանգիստ շունչ քաշել: Տոկոսային հարաբերությամբ՝ ստացվող վիրավորների թիվը 50 տոկոսով կրճատվել է»,- ասել է ալ Աթրաշը:

Նա հավելել է, որ հոսպիտալում վիրավորներ են ստացվում ոչ միայն Լաթաքիայից, այլեւ ամբողջ Սիրիայից, այդ թվում՝ Հալեպից, Համայից, Հոմսից եւ Իդլիբից: Գեներալի խոսքով՝ մինչեւ զինադադարի սկսվելն օրական ստացվում էին առնվազն 15 – 20 վիրավորներ, եւ ոչ մի օր չի եղել առանց զոհվածների, սակայն այժմ լինում են ամբողջ օրեր, երբ ռազմաճակատից ոչ մեկին չեն բերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում