«Եթե Լևոն Զուրաբյանը «ճնշում» բառից իրեն լավ է զգում, թող ասի, որ մեզ ճնշել է». Շարմազանով

Նմանատիպ
Իշխանությունը պատրաստ է լսել ընդդիմությանը և աշխատել նրա հետ անկախ ձևաչափից, քանի որ նպատակն է ունենալ այնպիսի ընտրական օրենսգիրք, որը կբարձրացնի հասարակության վստահության մակարդակը ընտրագործընթացի նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում շեշտեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք պատրաստ ենք լսել և աշխատել ընդդիմության մեր գործընկերների հետ, որովհետև խնդիրը ձևաչափը չէ: Մեզ անհրաժեշտ է ունենալ այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը կբարձրացնի վստահության մակարդակը և որի վերջնական մշակմանը կմասնակցեն և ընդդիմության, և հասարակական կառույցների ներկայացուցիչներ»,– ասաց նա:
Հիշեցմանը՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ փորձելու են իշխանություններին ճնշել, Շարմազանովը նկատեց, թե պետք է ոչ թե ձևի, այլ բովանդակության վրա կենտրոնանալ. «Դա կկոչվի ճնշում, թե առաջարկ, երկրորդական հարց է ինձ համար, ես դուրս եմ եկել պատանեկան-երիտասարդական տարիքից, որ բառերին ուշադրություն դարձնեմ: Եթե Լևոն Զուրաբյանը «ճնշում» բառից իրեն լավ է զգում, խնդիր չկա, թող ասի, որ մեզ ճնշել է: Ինձ համար էականն արդյունքն է»:
Հավելենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում իր հերթին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ պատրաստ են քննարկել ընդդիմության ողջամիտ առաջարկները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում