Գեղարքունիքի մարզի 4 համայնքում տեղի բժիշկները կազմակերպեցին «Բաց դռների օրեր»

Նմանատիպ
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ տրված հանձնարարականի համաձայն՝ այսուհետև յուրաքանչյուր շաբաթ օրը մարզի գյուղական համայնքներում կազմակերպվելու են առողջապահական «Բաց դռների օրեր», որոնք անցկացնելու են մարզի բուժհաստատությունների նեղ մասնագետները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, տեղի մասնագետների ուժերով կազմակերպված անվճար «Բաց դռների օր» միջոցառումներն առողջական խնդիրներ ունեցող մարդկանց հնարավորություն կտան վաղ հայտնաբերել նկատվող հիվանդությունները եւ կանխել դրանց հետագա զարգացումը: Համաձայն մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վա րչության կողմից կազմված ժամանակացույցի՝ անցած շաբաթ օրը «Բաց դռների օր» է կազմակերպվել Արծվանիստ, Լճափ, Շորժա եւ Արտանիշ համայնքներում, որոնք անցկացրել են մարզի բժշկական կենտրոնների նեղ մասնագետ բժիշկներից ձեւավորված աշխատանքային խմբերը՝ իրենց կազմում ունենալով էնդոկրինոլոգ, նյարդաբան, ակնաբույժ, սրտաբան, վիրաբույժ, ուռոլոգ, անոթային վիրաբույժ եւ գինեկոլոգ: Աշխատանքային խմբերը համայնքներում հետազոտել են 130 հիվանդի, որոնցից 45-ին` Արծվանիստում, 40-ին` Լճափում, 35-ին` Շորժայում եւ Արտանիշում: «Հայտնաբերված հիվանդներն ուղեգրվել են մարզի բժշկական կենտրոններ, որտեղ եւ կկազմակերպվի նրանց հետագա ախտորոշումն ու բուժումը: Շատ կարեւոր միջոցառում է իրականացվում մարզի բնակչության համար, քանզի նման այցերը մեծապես նպաստում են բազմապիսի հիվանդությունների վաղ հայտնաբերմանը եւ դրանց բուժմանը: Համոզված եմ, որ մարզի նեղ մասնագետ բժիշկների մասնագիտական ունակությունները եւ բուժհիմնարկների տեխնիկական հագեցվածությունը բավարար կլինեն հիվանդների բուժումը ժամանակին արդյունավետորեն կազմակերպելու համար»,-հավաստեց Անուշ Պողոսյանը: Այս շաբաթ օրը Գեղարքունիքում կկազմակերպվի հերթական «Բաց դռների օրը» եւս մի քանի համայնքներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում