Մինսկի խումբն աջակցում է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի պահպանման Ռոյս- Էնգել առաջարկներին

Նմանատիպ
Մինսկի խմբի համանախագահների վերջնական նպատակը և գլխավոր առաջնահերթությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև լուծումն է: Այս մասին հայտարարել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը` «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում: «Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մեծ անհանգստության առիթ են մեզ համար: Նախորդ տարի հունվարին գրանցված բախումները ռեկորդային էին հրադադարի կնքումից ի վեր: Ամենամտահոգիչը խաղաղ բնակչության կրած կորուստներն են: Մենք քննադատում ենք ծանր հրետանու գործածումը»,- նշել է Ուորլիքը:
ՄԽ համանախագահները մարտի սկզբին Թբիլիսիում մասնակցել են խորհրդակցության, որը հրավիրվել է «Հաշտեցման միջոցներ» կազմակերպության ջանքերով: Ներկայացված են եղել թե հայկական, թե ադրբեջանական կողմերը. «Երկխոսության ցանկացած հարթակը կարևոր է»:
Ինչ վերաբերում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և դեմոկրատ գործիչ Էլիոթ Էնգելի առաջարկների ծրագրին` Հայաստան-Ադրբեջան սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական առաջնագծում հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ, Ուորլիքը նշել է, որ Մինսկի խումբն աջակցում է առաջարկությանը: «Թեև վերջնական նամակը դեռ չենք տեսել, սակայն առաջարկները, որ արվել են Էդ Ռոյսի կողմից, ստացել են ՄԽ համանախագահների աջակցությունը, այն պետք է աջակցություն ստանա բոլոր կողմերից: Մենք պահանջում ենք զինադադարի պահպանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է ՄԽ ամերիկացի համանախագահը:
ԱՄՆ օրենսդիրներն առաջարկում են երեք կոնկրետ քայլեր, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում բոլոր քաղաքացիների համար համապարփակ և տևական խաղաղության հաստատմանը: Նրանց ներկայացրած նամակում, որի տակ ստորագրել են 80 կոնգրեսականներ, կոչ է արվում համաձայնություն ձեռք բերել բոլոր կողմերից՝ դիպուկահարներ չտեղակայել առաջնագծում, ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող զարգացած կրակոր սիչ համակարգերի և ձայնային սարքավորումներ տեղակայել՝ հարձակումների աղբյուրը ճշտելու համար և ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել՝ շփման գծում հրադադարի խախտումների դեպքերն ավելի լավ վերահսկելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում