Հնդկաստանի դեսպանը «Մուրացան» հիվանդանոցային համալիրին դեղամիջոցներ նվիրաբերեց

Նմանատիպ
ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրին նվիրաբերեց թալասեմիա հիվանդությունը բուժող դեղամիջոցներ: Հանդիսավոր արարողությունն անցկացվեց մարտի 23-ին հիվանդանոցային համալիրում:
«Ես շնորհակալ եմ «Cipla» ընկերությանը, որը Հնդկաստանում լավագույն դեղագործական ընկերություններից է: Այն թալասեմիա հիվանդության դեմ դեղ է պատրաստել: «Cipla» ընկերության փիլիսոփայությունն է օգնել բոլորին ամբողջ աշխարհում: Իմ մեկ հեռախոսազանգով կազմակերպվել է այս դեղորայքի առաքումը Հայաստան: Ես վստահ եմ, որ դեղորայքը կփրկի այս հիվանդությամբ տառապող երեխաների կյանքեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազ որ դեսպան Սուրեշ Բաբուն` շեշտելով, որ շուտով ավարտում է իր գործառույթը որպես Հայաստանում Հնդկաստանի դեսպան:
Նա նշեց, որ դեսպանությունն ուրախ կլինի շարունակել համագործակցությունը Երևանի պետական բժշկական համալսարանի և «Մուրացան» հիվանդանոցային համալիրի հետ:
ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը շեշտեց, որ իրենք մի քանի արդյունավետ ծրագրեր են իրականացրել Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ, այդ թվում՝ Հայաստանի մարզերում:
«Հույս ունեմ, որ մեր վերջին հանդիպումը չէ: Մեր բարեկամական կապերը մնալու են, դեսպանը մասնավոր այցերով գալու է Հայաստան: Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը հենց Սուրեշ Բաբուի պաշտոնավարման ժամանակ ավելի արդյունավետ դարձավ»,- ընդգծեց Սերգեյ Խաչատրյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ թալասեմիա հիվանդությունը շատ սահմանափակ տարածում ունի:
«60-70 հիվանդ ունենք, որոնց համար այս դեղորայքի առկայությունը մեծ նշանակություն ունի: Այն օգնում է օրգանիզմից երկաթի դուրսբերմանը, որովհետև հիվանդության ընթացքում օրգանիզմում երկաթի կուտակում է տեղի ունենում: Մեր գործընկերներն օգնում են բավարարելու այն կարիքը, որ ունենք: Երեխաների շրջանում է տարածված հիվանդությունը»,- շեշտեց Սերգեյ Խաչատրյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում