Սիրիայի կառավարության համար ԻՊ-ի դեմ պայքարը երկրորդական հարց է. նպատակն ուրիշի ձեռքով նրանց հաղթելն է

Սիրիայի կառավարության համար ԻՊ-ի դեմ պայքարը երկրորդական հարց է. նպատակն ուրիշի ձեռքով նրանց հաղթելն է

Բրյուսելի երեկվա  ահաբեկչությունները, մարտի 19-ին Ստամբուլում գրանցված պայթյունը և 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչական գործողությունները  միևնույն շղթայից են, այսինքն՝  դրանց ետևում կանգնած է «Իսլամական պետությունը»: Այլ հարց է, որ ԻՊ-ն այդ մասին թուրքական գործողությունների դեպքում պատասխանատվություն չստանձնեց, քանի որ ձեռնտու չէ Թուրքիայի հետ հարաբերություններ վատացնել, հատկապես որ Ստամբուլի դեպքում թիրախը զբոսաշրջիկներն էին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ակնարկեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: 

Իսլամագետ Սարգիս Գրիգորյանը հակառակ կարծիքի է՝ Թուրքիան սկսել է որոշ չափով պայքարել ԻՊ-ի դեմ, քանի որ վերջինը Սիրիայում գործողություններ է իրականացնում իր հովանավորության տակ գտնվող խմբավորումների դեմ:

Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ սակայն, ԻՊ-ի դեմ պայքարը Թուրքիայի դեմ երկրորդական խնդիր է, ինչպեսև Սիրիայի կառավարական ուժերի համար: Մասնավորապես՝ Սիրիայի կառավարությունը փորձում է ԻՊ-ին ոչնչացնել  ուրիշի ձեռքով՝ ՌԴ-ի, Իրանի: Ինչ վերաբերում է Բրյուսելի ահաբեկչության դրդապատճառներին, ըստ Պետրոսյանի, ԻՊ-ն փոխում է իր գործելաոճը, քանի որ գտնվում է վատ վիճակում` կորցնում է տարածքներ, սկսվել է դասալքություն, և իր դիրքերն առնվազն քարոզչական ու հոգեբանական դաշտերում պահելու համար ստիպված է գնալ  նման ծայրահեղ քայլերի` ապացուցելու, որ կառույցը դեռ մարտունակ է և կարող է պատասխան տալ իր հակառակորդներին հենց իրենց տարածքներում:

«Ըստ այդմ՝ պատահական չէր ԻՊ-ի կողմից Բրյուսելի ընտրությունը, քանի որ հանդիսանում է ինչպես ԵՄ-ի մայրաքաղաքը, այնպես էլ՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը: Այստեղ ահաբեկչական հարձակումներ իրականացնելով՝ ծայրահեղական կառույցն ուղղակիորեն պատասխանում է Սիրիայի և Իրաքի տարածքներում իր դեմ պայքար մղող ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիային»,-նշեց արաբագետը:

Փորձագետներն այս իրողությունից ելնելով չեն բացառում, որ ահաբեկչական նոր գործողություններ կիրականացվեն Եվրոպայում,  ինչու  չէ՝ Ռուսաստանում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում