Բանակցությանը նստեցնում են Թուրքիայից, Կատարից հովանավորվող ծայրահեղական խմբավորման. զիջում, թե՞ վտանգ

Բանակցությանը նստեցնում են Թուրքիայից, Կատարից հովանավորվող ծայրահեղական խմբավորման. զիջում, թե՞ վտանգ

Ժնևյան բանակցությունների սեղանի շուրջ  Թուրքիայի, Կատարի  կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորում են նստեցրել՝ «Ահրար աշ Շամ», ինչը նշանակում է, որ պատերազմի դաշտի իրենց հովանավորողների հետաքրքրությունները տեղափոխելու են բանակցային սեղան: Այս մասին Times.am-ի հետ զրույցում ասաց իսլամագետ Սարգիս Գրիգորյանը:

«Թուրքիան կարող է ասել՝ պետք է վերահսկես Սիրիայի հյուսիսային հատվածը, ինչն էթնիկ խնդիրներ է առաջացնելու»,-շեշտեց նա:

Արաբագետ Արմեն Պետրոսյանն իր հերթին հավելեց՝ իրենք հեղինակություն ունեն Սիրիայում,  բայց  գնացել են  զիջումների, եթե ԻՊ-ին առաջարկ արվեր՝ չէին գնա, քանի որ նրանք ինքնուրույն են գործում. «Թուրքիան, Կատարն ասել են կգնաս ու կբանակցես, իրենք էլ գնացել են: Ինչպես «Ահրար աշ Շամ»,-ը, այնպես էլ «Ջեբհատ ան-նուսրան» ԻՊ-ից տարբերվում են նրանով, որ արտաքին ազդեցության տակ են գտնվում:  «Ջեբհատ ան-նուսրան» դասական ընդդիմության խնդիրներ է առաջ քաշում»:

Սարգիս Գրիգորյանն ամեն դեպքում մնում է այն կարծիքին, որ Սիրիայում գործող այս խմբավորումներն ավելի վտանգավոր են և պետք է նրանց առաջին հերթին թիրախավորել, ոչ թե ԻՊ-ին, որը թափանցիկ կառույց է ինքն իրենով:

Ինչ վերաբերում է բանակցությունների արդյունավետությանը, արդեն արաբագետ Արմեն Պետրոսյանը նկատեց, որ ժնևյան բանակցությունների «գործնականությունն» ուռճացված է.  կողմերն ուղղակի բանակցությունների չեն նստել, առաջարկները ներկայացվում են անուղղակի կերպով: Ըստ նրա՝ ժամանակն է Արևմուտքը քաղաքականապես տարանջատել. Եվրոպան պետք է դադարի նայել ԱՄՆ-ին ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցում և միավորվի նրա  հետ հակաահաբեկչական պայքարում: Ի վերջո,  միգրացիոն խնդիրների լուծման հարցում Եվրոպան կարողացավ  ինքնուրույնություն դրսևորել:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում