Հայաստանի կառավարությունն ու ՄԱԿ-ն անդրադառնում են պարենային անապահովության ու թերսնուցման հարցերին

Նմանատիպ
Հայաստանում տնային տնտեսությունների մոտ 15 տոկոսը 2010 թվականից ի վեր պարենային անապահովություն ունի, իսկ մի զգալի մասը՝ պարենային անապահով դառնալու վտանգի առջև է: Այս է վկայում կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների նոր զեկույցը: Բազմաթիվ այլ տնային տնտեսություններ ունեն սնուցման լուրջ խնդիրներ՝ ի դեմս թերաճություն և գերքաշություն ունցող երեխաների մեծ թվի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` պարենային ապահովության, խոցելիության և սնուցման ամբողջական վերլուծությունը (ՊԱԽՍԱՎ), որը ներկայացնում է Հայաստանի տնտեսական, պարենային ապահովության և սնուցման կարգավիճակը, մատնանշում է, որ թերսնուցման առկա կրկնակի բեռը խոչընդոտում է Հայաստանի՝ ամբողջական մարդկային և սոցիալ-տնտեսական ներուժին հասնելու կարողությանը:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնային տնտեսությունների 28 տոկոսը երկրի` որևէ ցնցումի ենթարկվելու պարագայում կարող է հայտնվել պարենային անապահով դառնալու վտանգի առջև: Ավելին, 5 տարեկանից փոքր երեխաների 19 տոկոսը թերաճ են, իսկ գրեթե 15 տոկոսը՝ գերքաշ: Թերաճությունը պայմանավորված է քրոնիկ թերսնուցմամբ և դրսևորվում է երեխաների՝ իրենց տարիքի համեմատ կարճահասակությամբ: Թերսնուցման այս կրկնակի բեռը, համադրված սննդարար միկրոտարրերի անբավարարությամբ, հանրային առողջապահական լուրջ խնդիր է։
Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրակա ն ծառայության (ՀՀ ԱՎԾ), ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից համատեղ մշակված զեկույցի արդյունքները հիմնված են 2008–2014թթ. Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունների (ՏՏԿԱՀ) վրա։
«Ազգային վիճակագրական ծառայությունը իր անվանազերծված տվյալների բազան տրամադրել է մասնագետներին, ովքեր այն օգտագործել են այս ամբողջական վերլուծությունը կատարելու և հանձնարարականներ մշակելու համար, որոնք պարարտ հող կարող են հանդիսանալ որոշումների կայացման համար: Այս հանձնարարականները հնարավորություն կտան մեր հաջորդ սերնդի համար ավելի լավ պայմաններ ստեղծել: Ես նաև կցանկանայի իմ երախտիքն արտահայտել ՊՀԾ-ին և ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ մեր երկրում իրենց անգնահատելի առաքելության համար»,- նշել է ՀՀ ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը:
Հայաստանում ՊՀԾ ներկայացուցիչ Պասկալ Միշոն կարծում է, որ «սովը գին ունի: «Նախկինում կատարված միջազգային հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաների թերսնուցումը, առողջապահական ծախսերի աճի և ցածր արտադրողականության հետևանքով, բացասական ազդեցություն է ունենում երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ ) վրա: Այն նաև ավելացնում է կրթական ծախսերը: Պարենային անապահով տնային տնտեսություններն ավելի քիչ կրթված անդամներ ունեն և իրենց ընդհանուր եկամտի ավելի փոքր մասն են հատկացնում կրթությանը»,-ասել է Պասկալ Միշոն:
«Թերսնուցումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ երեխաների համար՝ այն կարող է ազդել նրանց մտավոր և ֆիզիկական զարգացման, ուսումնական ձեռքբերումների, ինչպես նաև առողջության ու արտադրողականության վրա հետագա կյանքում»,-նշել է Տանյա Ռադոչայը՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը Հայաստանում: «Հղիության և վաղ մանկության շրջանը՝ կյանքի առաջին 1000 օրը, հատկապես էական են, ինչը նշանակում է, որ մենք պետք է սնուցումը բարելավելու ձևեր գտնենք ոչ միայն վաղ տարիքի երեխաների, այլ նաև մայրերի համար: Առանց սննդարար ուտելիքի հասանելիության և առանց դրա կարևորության մասին տեղեկացվածության մենք չենք կարող ակնկալել առողջ, ուժեղ և գործունյա բնակչություն ապագայում»,- ավելացրել է Ռադոչայը:
«Ես կցանկանայի ընդգծել 5 տարեկանից ցածր երեխաների թերաճության բարձր ցուցանիշը: Թերաճությունը ոչ միայն անդրադառնում է ընտանեկան կենսամակարդակի վրա, այլ նաև ազդեցություն է ունենում տուժած երկրների տնտեսական զարգացման վրա՝ ՀՆԱ-ի հետ ունեցած իր հարաբերակցության պատճառով: Ես վստահ չեմ, որ մարդիկ գիտակցում են այդ ցուցանիշի բարձրության աստիճանը: Ժամանակն է համախմբվել և քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Միավորելով կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների ջանքերը և մոբիլիզացնելով ռեսուրսները՝ հնարավոր է նախագծել արդյունավետ միջամտություններ»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշատական համակարգող Բրեդլի Բուզետտոն:
Թերաճությունը նվազեցնելու համար զեկույցն առաջարկում է թերսնման ռիսկերի վաղ հայտնաբերում, իսկ գերքաշության և գիրության դեմ պայքարի համար՝ պատշաճ սնուցման վերաբերյալ իրազեկման բարձրացում: Զեկույցը նաև առաջարկում է բարձրացնել պարենային ապահովության մակարդակը` երիտասարդների ու կանանց զբաղվածության, գյուղական զարգացման, սոցիալական պաշտպանության և կրթության ոլորտներում ներդրումներ կատարելով:
Ավելին, բնական աղետների և տնտեսական սթրեսների հնարավոր ազդեցությունը տնային տնտեսությունների պարենային ապահովության վրա մեղմելու համար զեկույցը կոչ է անում բարելավել անվտանգության ցանցերը:
ՊՀԾ-ը ներկայում նպաստում է պարենային ապահովությանը և երեխաների կրթությանը՝ Հայաստանի տարրական դպրոցներում սննդարար մթերքի տրամադրման միջոցով: Գործակալությունը, որը Հայաստանում ներկա է 1993 թ.-ից, ՀՀ կառավարությանն աջակցում է ազգային կայուն դպրոցական սնունդ ծրագիր մշակելու հարցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում