Թեդ Քրուզն աջակցություն Է ստացել նախկին մրցակցից՝ Ջեբ Բուշից

Թեդ Քրուզն աջակցություն Է ստացել նախկին մրցակցից՝ Ջեբ Բուշից

Տեխասից սենատոր Թեդ Քրուզը, որը ձգտում է Հանրապետական կուսակցությունից առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, աջակցություն է ստացել նախկին մրցակցի՝ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշի կողմից, որը Սպիտակ տան համար պայքարից դուրս էր եկել փետրվարին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Թեդը հետեւողական, սկզբունքային պահպանողական Է, ով ցույց տվեց, որ կարող է միավորել կուսակցությունը»,- հայտարարել է Բուշը, որը ֆավորիտ էր համարվում ընտրարշավի սկզբում:

Ի պատասխան՝ Քրուզը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ Բուշը «կարող էր գերազանց կերպով համալրել վարչակազմը», եւ վստահություն է հայտնել, որ ինքն ի վիճակի է Հանրապետական կուսակցության կողմնակիցների լայն կոալիցիա ստեղծել եւ Հիլարի Քլինթոնին պարտության մատնել նոյեմբերի 8-ի նախագահական ընտրություններում:

Մարտի 22-ին Քրուզը հաղթանակ է տարել Յուտայի նահանգում Հանրապետական կուսակցության կուսակցական ակտիվիստների ժողովներում՝ այդ նահանգից 40 պատվիրակների ձայն ստանալով կուսակցության ազգային համագումարում, որտեղ հայտարարվելու է նախագահի պաշտոնի կուսակցության թեկնածուն: Նրա հիմնական թեկնածուն՝ Դոնալդ Թրամփը, հաղթանակ է տարել Արիզոնայի նախնական ընտրություններում՝ ստանալով այդ նահանգից 58 պատվիրակների ձայն:

Այժմ The New York Times թերթի հաշվարկներով Թրամփն ունի համագումարի պատվիրակների 739 ձայն, Քրուզը՝ 465, Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկը՝ 143 ձայն: Նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու համար հավակնորդին անհրաժեշտ է կանխապահովել համագումարի պատվիրակների 1237 ձայն, համագումար, որը հուլիսի 18-21-ը տեղի է ունենալու Քլիվլենում (Օհայոյի նահանգ), հաղորդելէ ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում