Թուրքիան փորձում է պառակտել Իրաքում քրդական կազմավորումները

Թուրքիան փորձում է պառակտել Իրաքում քրդական կազմավորումները

Թուրքիան Իրաքում սկսել է երկու հազար մարտիկներով սունիական բանակ վարժել` փորձելով Մոսուլի ազատագրման գործողություններում պառակտում մտցնել այդ երկրում քրդական կազմավորումների միջեւ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական իշխանամետ «Սաբահ» թերթը, Իրաքի սունիական բանակի մարտիկները պետք է մասնակցեն ներկայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող Մոսուլի ազատագրության գործողություններին:

Մոսուլը հանդիսանում է Իրաքի նավթային կարեւոր կենտրոններից մեկը: Այն ԻՊ-ի ամբողջությամբ վերահսկողությանն անցել էր 2014 թվականի հունիսի 10-ին:

Ավելի վաղ հյուսիսիրաքյան քրդական Rudaw թերթը, հղում կատարելով իրաքյան Քրդստանի կառավարության աղբյուրին, հայտնել էր, որ Թուրքիան Իրաքում «Հաշդ ալ Վաթանի» սունիական բանակ է ստեղծել, որի մեջ, հրատարակության տվյալներով, մտնում են նաեւ քրդեր:

Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարի համար 2014 թվականին ստեղծվել էր շիա ցեղախմբերի, այդ թվում` քրդերի «Ալ Հաշդ ալ Շաաբի» բանակը, որը բազմիցս մասնակցել է ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին:

Իրաքյան ԶԼՄ-ների համաձայն` «Ալ Հաշդ ալ Շաաբի»-ն պնդում է, որ հենց ինքն է վերահսկելու Մոսուլը նրա ազատագրումից հետո, ինչին դեմ է նավթի արտահանման հարցում Թուրքիայի հետ համագործակցող իրաքյան Քրդստանի ղեկավարությունը` պաշտոնական Էրբիլը: Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) եւս, որը չի ենթարկվում իրաքյան Քրդստանին, հայտարարել է, որ ինքը եւս ցանկանում է մասնակցել Մոսուլի ազատագրմանը, ինչին դեմ են հանդես գալիս Անկարան եւ Էրբիլը:

Այդ պատճառով Մոսուլի ազատագրման հարցում շիաների բանակի եւ քուրդ աշխարհազորայինների միջեւ տարակարծություններ են սկսվել, ինչից ցանկանում է օգտվել Թուրքիան:

Ավելի վաղ Մոսուլն ազատագրելու համար Թուրքիան երկու C-130 ինքնաթիռներով ռազմական օգնություն էր ուղարկել Իրաք: Սպասվում էր, որ Մոսուլի վրա հարձակումը կսկվի 2015 թվականի ապրիլին: Սակայն իրաքյան ԶԼՄ-ներն հայտնում են, որ ԻՊ-ից Մոսուլի ազատագրման գործողություններն արդեն մեկնարկել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում