Պետք է ապացուցել

Պետք է ապացուցել

Մարիո Գյոտցեն, Արից Ադուրիսը, Ջեյմի Վարդին, Ռենատու Սանշեշն ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությունը բաց չթողնելու համար պետք է օգտվեն հավաքականների ընկերական խաղերից: Առանձնացրել ենք այն ֆուտբոլիստներին, ովքեր պետք է ապացուցեն՝ արժանի են իրենց հավաքականների հետ մեկնել Ֆրանսիա:

Մարիո Գյոտցե – Գերմանիայի հավաքական և «Բավարիա»

Մունդիալ-2014-ի հերոսը 4 ամիս բացակայելուց հետո վերջերս է վերադարձել դաշտ, և գերմանական մամուլն արդեն նրա ապագայից է խոսում: «Բավարիայում» նրա գործերն այնքան էլ լավ չեն ընթանում, իսկ հավաքականի խաղերը նրան հսկայական հնարավորություն են տալիս ցուցադրելու սեփական պոտենցիալը: Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն ու առաջատար ֆուտբոլիստները աջակցում են Գյոտցեին, միայն թե Եվրոպայի առաջնության հայտացուցակում հնարավոր է հայտնվել ոչ թե աջակցության, այլ դաշտում ցուցադրած խաղի համար:

Արից Ադուրիս – Իսպանիայի հավաքական և «Ատլետիկ»

Այս ֆուտբոլիստը 35 տարեկանում երկրորդ երիտասարդությունն է ապրում և հասել է նրան, որ 2010-ին Իսպանիայի հավաքականի կազմում 1 հանդիպում անցկացնելուց հետո կրկին հրավիրվել է ազգային ընտրանի: 8 գնդակով Ադուրիսը համարվում է Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն: Եվս 17 գնդակ նա խփել է Իսպանիայի առաջնությունում: Մյուս ֆուտբոլիստների վնասվածքներն ու վատ մարզավիճակն Ադուրիսին հնարավորություն են տալիս հայտավորվելու և մեկնելու Եվրո 2016-ին:

Ջեյմի Վարդի – Անգլիայի հավաքական և «Լեսթեր»

Անգլիայի առաջնության երկրորդ ռմբարկուն հավաքականի կազմում նորամուտը ընդամենն անցյալ ամռանն է նշել՝ 28 տարեկանում: Ուեյն Ռունիի՝ հավաքականի ավագի վնասվածքները Վարդիին (ինչպես նաև Հարի Քեյնին) հնարավորություն են տալիս ապացուցելու, որ արդյունավետությունը մեկ մրցաշրջանի համար չէ, և ինքը կարող է մեծ հարթակներում օգտակար լինել հավաքականին:

Ռոման Շիրոկով – Ռուսաստանի հավաքական և ԲԿՄԱ

Ընթացիկ մրցաշրջանը հակասական է շուտով 35-ամյակը բոլորող ֆուտբոլիստի համար: «Սպարտակում» նա տպավորություն չգործեց, իսկ ԲԿՄԱ տեղափոխվելուց հետո ոչ միշտ է հիմնական կազմում հայտնվում: Կիսապաշտպանի դիրքում մրցակցությունը բարձր է, և դժվար թե միայն անցյալի հաջողությունների համար Լեոնիդ Սլուցկին Շիրոկովին Եվրոպայի առաջնության տանի:

Ռենատու Սանշեշ – Պորտուգալիայի հավաքական և «Բենֆիկա»

Երիտասարդ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում պորտուգալական ֆուտբոլի հայտնությունը դարձավ: 18 տարեկանում նա արդեն «Բենֆիկայի» առանցքային խաղացողներից է և թիմի հետ մասնակցելու է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչին: Ֆերնանդու Սանտուշը լիսաբոնցիների ակադեմիայի սանին արդեն հավաքական է հրավիրել, թեև վերջինս դեռևս չի խաղացել երկրի գլխավոր հավաքականում:

«Այս հնարավորությունը կօգտագործենք նրան դիտարկելու և ամենօրյա կտրվածքով աշխատելու համար: Մենք մեկ շաբաթ կունենանք, որպեսզի նրան գործի մեջ տեսնենք: Եկեք նրա ուսերին պաասխանատվության չափազանց մեծ բեռ չդնենք»,-ասել է գլխավոր մարզիչը:

Դենիս Գարմաշ – Ուկրաինայի հավաքական և «Դինամո Կիև» 

«Դինամոյի» հարձակողական ոճի կիսապաշտպանը մինչև վերջերս անփոխարինելի էր հավաքականում, թեև այս մրցաշրջանում նրա խաղը կայունությամբ աչքի չէր ընկնում: Հիմա, երբ նա իսկապես մրցակից ունի՝ 20-ամյա Վիկտոր Կովալենկոն, ով փորձառություն է ձեռք բերում Եվրոպա լիգայի եզրափակիչ փուլում, Գարմաշի դաշտ դուրս գալն ակնհայտ չէ: Հիմնական կազմում լինելու մրցակցությունը պետք նրան էլ օգտակար լինի:

Դիմիտրի Պայետ – Ֆրանսիայի հավաքական և «Վեսթ Հեմ»

Ամռանը կիսապաշտպանը Մարսելը փոխարինեց Լոնդոնով, որտեղ շատ արագ կարողացավ հարմարվել թիմին: Սլավեն Բիլիչի թիմը կխաղա երկրի գավաթի ¼ եզրափակչում և հավակնում է անգլիական այն 4 ակումբներից մեկը լինել, որ ՉԼ-ի ուղեգիր կնվաճի: Այս ամենի կողքին միանգամայն հասկանալի է Պայետի՝ հավաքական հրավիրվելը: Նա ազգային ընտրանում նորամուտը նշել է 2010-ին, բայց միայն 15 խաղի է մասնակցել: 2015-ի հունիսից նա հավաքականում չի եղել և Հոլանդիայի, Ռուսաստանի դեմ առաջիկա խաղերն են, որ վճռելու են Դիդյե Դեշամի թիմում նրա հետագա ճակատագիրը:

Մատեյ Վիդրա – Չեխիայի հավաքական և «Ռեդինգ»

Մատեյն Անգլիայի առաջին դիվիզիոնի առաջնության ակումբի հիմնական կազմում չի լինում, իսկ հավաքականի կազմում 15 խաղերից վերջինը 2014-ի հոկտեմբերին է անցկացրել: Այդուհանդերձ, չեխերի մարզիչ Պավել Վրբան վերջերս դիտեց 23-ամյա ֆուտբոլիստի խաղն ու դժգոհ չմնաց: «Ինձ պետք կգա նրա խաղաոճն այն ֆուտբոլի համար, որ պատրաստվում ենք ցուցադրել Եվրոյի ժամանակ»,-ասել է Վրբան:

Մարկուս Բերգ – Շվեդիայի հավաքական և «Պանատինաիկոս»

Շվեդիայի հավաքականի մարզիչ Էրիկ Համրեն Թուրքիայի դեմ առաջիկա հանդիպմանը խաղադաշտ դուրս չի բերի թիմի գլխավոր աստղ Զլատան Իբրահիմովիչին:

«Վերջին շրջանում մտածում եմ, թե ինչպես նրա մարզավիճակը պահպանեմ ամռան համար: Ոչ մի կերպ չեմ կարող ազդել «ՊՍԺ»-ում նրա խաղաժամանակի վրա, դրա համար էլ Թուրքիայի դեմ խաղում նրան հանգստանալու հնարավրություն կտամ: Դա օգտակար կլինի ինչպես իր, այնպես էլ մյուսների համար»,-նշել է մարզիչը: Ինչպես երևում է, հարձակման գծում Իբրայի փոխարեն Ջոն Գվիդետտին կխաղա: Իրեն դրսևորելու հնարավորություն կունենա նաև Բերգուն, կամ էլ «Նորչեպինգից» Էմիր Կույովիչը կխաղա:

Նիկոլյե Ստանչու – Ռումինիայի հավաքական և «Ստյաուա»

Ստանչուն հավաքականի կազմում դեռևս հանդես չի եկել, փոխարենն իր լավագույն մրցաշրջանն է անցկացնում Ռումինիայի առաջնությունում, որտեղ արդեն 11 գնդակ է խփել: Մի անգամ նրան արդեն հրավիրել են հավաքական, սակայն այդ ժամանակ ոչինչ չստացվեց: Հիմա 22-ամյա կիսապաշտպանը կայուն խաղ է ցուցադրում և Լիտվայի, Իսպանիայի դեմ խաղերում կարող է տպավորություն թողնել:

Ալֆրեդ Ֆինբոգասոն – Իսլանիդայի հավաքական և «Աուգսբուրգ»

«Բորուսսիայի» դարպասը խփած կիրակնօրյա գնդակն ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ալֆրեդը ձմռանը չսխալվեց՝ վարձավճարի դիմաց «Աուգսբուրգ» տեղափոխվելով: Հարձակվողը չարդարացրեց «Ռեալ Սոսյեդադի» և «Օլիմպիակոսի» սպասելիքները: Փոխարենը, 27-ամյա իսլանդացին կրկին իրեն փորձում է Գերմանիայում, որտեղ 7 խաղում 3 գնդակ է խփել: Հիմա նա պետք է իր մակարդակն ապացուցի հավաքականում, որպեսզի Յոն Բեդվարսոնից և Վիդար-Օրնա Կյարտանսոնից խլի հիմնական կազմում լինելու իրավունքը:

Բարտոշ Սալյամոն – Լեհաստանի հավաքական և «Կալյարի»

Սալյամոնն արդեն 16 տարեկանում Իտալիայում էր, 2007-ին պայմանագիր էր կնքել «Բրեշիայի» հետ: 2013-ին նա դարձավ «Միլանի» պատմության առաջին լեհ ֆուտբոլիստը, բայց այդպես էլ Ա սերիայում այդ թիմի կազմում ոչ մի հանդիպում չանցկացրեց և որոշեց կարիերան «Կալյարիում» շարունակել: Նա երեք տարվա մեջ առաջին անգամ է հավաքական հրավիրվում: Մարզիչ Ադամ Նավալկան Կամիլ Գլիկին պաշտպանության կենտրոնում օգնող ֆուտբոլիստի է փնտրում, իսկ Սալյամոնը կարող է իր հնարավորությունները ցուցադրել:

Մարտին Շկրտել – Սլովակիայի հավաքական և «Լիվերպուլ»

Պաշտպանը հոսպիտալում անցկացրած 3 ամիսներից հետո այդպես էլ չի կարողանում վերագտնել իրեն: Անցյալ հանգստյան օրերին «Լիվերպուլ»-«Սաութհեմփթոն» (2:3) խաղից հետո ֆուտբոլիստը քննադատության արժանացավ: Հավաքականի մարզիչ Յան Կոզակը պաշտպանեց ֆուտբոլիստին. «Դրանում ոչ թե նա, այլ «Լիվերպուլի» բոլոր ֆուտբոլիստներն են մեղավոր: Մարտինը փորձառու ֆուտբոլիստ է, նա այդ թիմում արդեն 9 տարի խաղում է»:

Մերգիմ Մավրայ – Ալբանիայի հավաքական և «Քյոլն»

Մեծ արագություն ունեցող պաշտպանը վնասվածքի պատճառով շուրջ մեկ տարի չխաղաց հավաքականում, բայց ամռանը Փարիզ մեկնելու լավ հնարավորություն ունի: 190 սմ հասակ ունեցող ֆուտբոլիստն առանձնանում է «Քյոլնի» կազմում և կարող է հավաքականին կայունություն փոխանցել:

Կոնոր Վաշինգթոն – Հյուսիսային Իռլանդիայի հավաքական և «Քուինս Պարկ Ռենջերս»

Կենտում ծնվելով՝ Վաշինգթոնը կարող է հանդես գալ հյուսիսիռլանդացիների կազմում, քանի որ նրա տատը Բելֆաստից է: Հիմա ֆուտբոլիստը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորություն ունի: Հավաքականի մարզիչ Մայքլ Օ՛Նիլը ևս մեկ նորեկի է թիմ հրավիրել. «Պիտերբորո Յունայթեդի» պաշտպան Մայքլ Սմիթին: Հյուսիսային Իռլանդիայի հավաքականն ընկերական խաղեր կանցկացնի Ուելսի և Սլովենիայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում