Ներդրումային ծրագրերին ցուցաբերվում է հասցեական աջակցություն

Ներդրումային ծրագրերին ցուցաբերվում է հասցեական աջակցություն

Այսօր կառավարությունը որոշում ընդունեց թույլատրել «ԲԱԳԵԶՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի կարգավիճակով՝ ոսկերչության ոլորտում գործունեություն ծավալելը:

Գործադիրը շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանել 9 տարի:

Նշենք, որ «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին գործարկվել է 2015 թվականի մարտից: Տնտեսական գոտու շահագործումը հնարավորություն է ընձեռում ներգրավել ներդրումներ, խթանել արտահանման ծավալների աճը ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ինչպես նաև նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը սահմանեց «Որոտան Սիսթեմս» ՍՊ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելը:

«Որոտան Սիսթեմս» ՍՊ ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում, ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում կառուցում է փոքր հիդրոէներգակասկադ, օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը էլեկտրաէներգիա արտադրելու համար, որի համար նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 3.31 մլրդ ՀՀ դրամի չափով, որից մոտ 120.5 մլն ՀՀ դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար:

Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել չեխական արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ, նախատեսվում է ստեղծել մոտ 40 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.– 80, 2017թ.- 85 և 2018թ.-90 հազ. դրամ:
Ներդրումային ծրագրի շրջանակում գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով օրենքով սահմանված ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգելու հնարավորությունը, էապես կօժանդակի տնտեսվարողի կողմից նախատեսվող ծրագիրը իրագործելուն, կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանն ու ներդրումների ներգրավմանը:

Այսօր գործադիրը արտոնություն սահմանեց նաև «Սևան Ակվա» ՓԲ ընկերությանը, ազատելով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից: Ինչպես նաև, երեք տարի ժամկետով հետաձգեց վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ԱԱՀ-ի գումարների վճարման պարտավորությունը:

«Սևան Ակվա» ՓԲԸ-ն հանդիսանում է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի օղակներից մեկը և նախատեսում է իր արտադրական հզորություններին հասնել 3 տարվա ընթացքում, որի արդյունքում կարող է արտադրել տարեկան շուրջ 685 տոննա ձկնամթերք, որի հասույթը կկազմի շուրջ 2 մլրդ 400 մլն. ՀՀ դրամ:

Ներդրումային ծրագրի շրջանակներում «Սևան Ակվա» ՓԲ ընկերությունը նախատեսում է տեղակայել մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն Սևանա լճում՝ հագեցնելով ժամանակակից սարքավորումներով:

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում