«Արի տուն» ծրագրով այս տարի Հայաստան կայցելի շուրջ 1100 սփյուռքահայ

«Արի տուն» ծրագրով այս տարի Հայաստան կայցելի շուրջ 1100 սփյուռքահայ

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2016թ. ծրագրի պատասխանատուների մամուլի ասուլիսը: Բանախոսներն էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և նախարարության աշխատակազմի ղեկավար, «Արի տուն» ծրագրի համակարգող Ֆիրդուս Զաքարյանը:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց լրագրողներին ծրագրի հանդեպ ունեցած հետաքրքրության համար և շեշտեց, որ «Արի տուն»-ը ոչ թե հայրենադարձության, այլ հայրենաճանաչության ծրագիր է, որի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-Հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքի նիստուկացին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սրապիոնյանը լրագրողներին կոչ արեց մասնակցել ծրագրի բոլոր փուլերին, համակողմանիորեն լուսաբանել Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության՝ իր տեսակի մեջ եզակի այս ծրագիրը: Նշեց, որ թե՛ սփյուռքյան, թե՛ հայաստանյան ԶԼՄ-ները մեծապես նպաստել են ծրագրի կայացմանը:

«Արի տուն-2016» ծրագիրը ներկայացրեց նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա նշեց, որ «Արի տուն» ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը տարեցտարի աճում է, ընդլայնվել է նաև երկրների աշխարհագրությունը:

2016թ. սպասվում է 13-18 տարեկան շուրջ 1100 սփյուռքահայ երիտասարդի մասնակցություն: Ծրագրի մանրամասների մասին կարելի է տեղեկանալ «aritun.am» կայքից:

Աշխատակազմի ղեկավարն ընդգծեց, որ «Արի տուն – 2016» ծրագրի մեկնարկն արդեն տրված է, տեղեկատվական փաթեթն ուղարկված է սփյուռքյան կառույցներին, և ստացվել են մասնակցել ցանկացողների՝ այս ժամանակահատվածի համար անհամեմատ շատ հայտադիմումներ:

2016թ. ծրագիրը կընթանա 8 փուլով՝ հունիսի 12-ից օգոստոսի 27-ը: 8-րդ փուլին (օգոստոսի 14-27-ը) նախատեսվում է նաև «Արի տուն» ծրագրի առաջին 6 տարիների 18 տարեկանը լրացած մասնակիցների հավաք:

2016թ. ևս «Արի տուն»-ը կիրականացվի հայաստանյան ընտանիքներում հյուրընկալության, Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր շրջագայությունների՝ 9-օրյա և ճամբարային հանգստի՝ 5-օրյա ծրագրով: Սփյուռքահայ պատանիներն ու աղջիկները կծանոթանան Հայաստանի պատմամշակութային հուշարձաններին, թանգարաններին, տեսարժան վայրերին (նախատեսված են շրջայցեր 5 ուղղություններով՝ Օշական-Աշտարակ-Մուղնի, Սարդարապատ-Էջմիածին-Զվարթնոց, Գառնի-Գեղարդ, Խոր Վիրապ-Նորավանք և Սևան): Շաբաթ և կիրակի օրերն արիտունցիները կանցկացնեն հյուրընկալ ընտանիքներում, իսկ վերջին 5 օրը՝ «Արի տուն» ճամբարում: Կկազմակերպվեն հայոց լեզվի դասընթացներ, այցելություններ թանգարաններ, շրջայցեր դեպի Հայաստանի տեսարժան վայրեր:

Ծրագրի ճամբարային փուլում կանցկացվեն նաև հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգի ու պարի դասընթացներ, կլինեն հանդիպումներ Հայաստանի պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ:

Շրջայցերին և ճամբարային օրերին խմբերի հետ կաշխատեն «Հայրենիք-Սփյուռք» կենտրոն» ՊՈԱԿԻ և ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները:

Մասնակիցների առջև իրենց դռները կբացեն ոչ միայն մայրաքաղաքի, այլև երևանամերձ շուրջ 40 համայնքների հյուրընկալ ընտանիքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում