Բրյուսելն աստիճանաբար վերակենդանանում է ահաբեկչությունից հետո

Բրյուսելն աստիճանաբար վերակենդանանում է ահաբեկչությունից հետո

Բրյուսելն աստիճանաբար վերակենդանանում է մարտի 22-ի ահաբեկչական գործողություններից հետո՝ շնորհիվ մեկ աստիճանով ահաբեկչական սպառնալիքի մակարդակը նվազեցնելու իշխանությունների որոշման, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հանրային տրանսպորտն սկսում է աշխատել ավելի ակտիվորեն, Բելգիայի մայրաքաղաքի բնակիչները վերստին աշխատանքի են գնում սովորական ռեժիմով, իսկ համատարած ոստիկանական հսկողությունն արդեն ավելի քիչ է աչքի զարնում: Թերեւս միակ բանը, որ շարունակ հիշեցնում է օրերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին, ոստիկանական ավտոմեքենաների ազդանշանների ձայներն են, որոնք ամբողջ մայրաքաղաքում դեռեւս լսելի են բավական հաճախ:

Հանրային տրանսպորտը, որն ամբողջովին փակվել էր ահաբեկչությունից հետո, օրեցօր ավելի ու ավելի ակտիվորեն է աշխատում: Այսպես, մետրոն առավոտյան աշխատանքը վերսկսել է ավելի մեծ քանակությամբ բաց կայարաններով, քան երեկ:

«Մետրոպոլիտենի չորս գծերն առավոտյան վերսկսել են աշխատանքը: Սակայն ոչ բոլոր կայարաններն են աշխատելու, այլ 69-ից միայն 38-ը»,-պատմել են STIB մունիցիպալ տրանսպորտային վարչությունում: Նախորդ օրերին բաց Է եղել միայն շուրջ 20 կայարան: Դրա հետ մեկտեղ գետնուղու աշխատանքը, անվտանգության նկատառումներով, ամեն օր ավարտվում Է 18:30-19:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 21:30-22:00-ին): Ինչպես հայտնել են տրանսպորտային վարչությունում, մարտի 25-ը բացառություն չի լինի:

Քաղաքի գլխավոր կայարանները նույնպես բաց են, բայց դեռեւս՝ որոշ սահմանափակումներով:

Ինչ վերաբերում է դպրոցներին, ապա դրանք պաշտոնապես բաց են դեռ մարտի 23-ից: Բայց եթե նախորդ օրերին կրթական հիմնարկություններից մի քանիսը SMS հաղորդագրություններ էին ուղարկում սովորողներին այն մասին, որ դպրոցը փակ է, իսկ ծնողներն իրենք նախընտրում էին տանը թողնել երեխաներին, ապա շաբաթվա վերջին պատկերը փոխվել է դեպի լավը:

Քաղաքացիների սոցիալական ու մշակութային կյանքը գործնականում սովորական հուն է վերադարձել: Թատրոնները, թանգարանները, համերգասրահները, խանութները, առեւտրական ու ժամանցային կենտրոններն աշխատում են սովորական ռեժիմով: Եվ եթե ահաբեկչական գործողություններից հետո առաջին օրերին նրանք գանգատվում Էին այցելուների գրեթե լիակատար բացակայությունից, ապա այժմ մարդիկ վերսկսել են ապրել լիարժեք կյանքով:

Եվրոպական մայրաքաղաքի գլխավոր տուրիստական վայրերում նույնպես աշխուժացում է նկատվում: Այժմ Գրան Պլյաս նշանավոր կենտրոնական հրապարակը Բրյուսելի գլխավոր տեսարժան վայրերի ցուցակում առաջնության դափնին զիջել է մարտի 22-ի ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին տարերային ժողովրդական հուշահամալիրին: Մարտի 22-ից Բորսայի հրապարակում տարածվել Է վառվող մոմերի, ծաղիկների, բացիկների եւ հուզիչ գրառումների գորգը: Առավոտից մինչեւ գիշեր հենց այստեղ կարելի է տեսնել հսկայական թվով մարդկանց, ովքեր ծաղիկներ ու մոմեր են բերում, ինչպես նաեւ գու նավոր կավճով գրառումներ անում բորսայի եւ հենց շենքի շուրջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում