Հայաստանում 1000 ծնված երեխաներից 10-ը սրտի արատով են

Հայաստանում 1000 ծնված երեխաներից 10-ը սրտի արատով են

Վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանում 1000 ծնված երեխաներից 10-ը սրտի արատով են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի նախագահ Կարինե Թոխունցը:

Ասոցիացիայի ջանքերով,  ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ և Առողջապահության նախարարության աջակցությամբ՝ Երևանում մարտի 26-27-ին անցկացվում է դասընթաց` նվիրված հղիության աոաջին և երկրորդ եռամսյակներում պտղի էխոսրտագրական հետազոտության ժամանակ սրտի բնածին արատների ախտորոշման արդյունավետության բարձրացմանը: Դասընթացները վարում է «Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման միջազգային կազմակերպության» (ISUOG) Արևելաեվրոպական տարածաշրջանի դեսպան, «Fetal Medicine Foundation»-ի պաշտոնական մասնագետ Ֆրեդ Ուշակովը:

«Այս ասպարեզում հայտնի գիտնական, բժիշկ Ուշակովը կծանոթացնի մեր բժիշկներին սրտի արատների վաղ հայտնաբերման նորագույն մեթոդներին, քանի որ մեզ՝ մասնագետներիս, շատ է մտահոգում վերջերս Հայաստանում և ամբողջ աշխարհում գրանցվող բնական արատների աճի հաճախականությունը: Վերջին 20 տարիներին այն գրեթե կրկնապատակվել է՝ հասնելով մոտ 18 պրոմիլի, այսինքն՝ ամեն 1000 ծնունդին բաժին է ընկնում արատով ծնված 18 երեխա: Դրանցում սրտի արատները զգալի մասն են կազմում՝ 1000 ծնունդի ժամանակ մենք ունենում ենք սրտի արատով 10 երեխա»,-ասաց Կարինե Թոխունցը:

«Ներարգանդային կյանքում և նորածինների սրտի արատների հայտնաբերումը աշխարհում այսօր ակտուալ խնդիրներից է: Արատները հանգեցնում են հիվանդ երեխաների ծնունդին, ինչը սոցիալական խնդիրներ է առաջացնում ընտանիքներում: Դրանց վաղ հայտնաբերումը թույլ կտա նախապատրաստել ընտանիքին կամ էլ ընդհատել հղիությունը, երբ արատն անհամատեղելի է կյանքի հետ»,-նշեց բժիշկ Ուշակովը՝ ներկայացնելով համաշխարհային վիճակագրությունը:

«Աշխարհում 500 ծնված երեխաներից մեկն ունի սրտի ծանր արատ, իսկ թեթև տեսակները հաճախ են հանդիպում ու կազմում աշխարհում ծնված երեխաների 1 տոկոսը»,-տեղեկացրեց Ֆրեդ Ուշակովը:

«Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիա»-ն դեռևս 2014 թ. փետրվարից սկսել է ծրագիր ՀՀ Առողջապահության համակարգում հղիների պարտադիր սկրինինգային հետազոտման  ներդրման վերաբերյալ` պտղի զարգացման արատների պրենատալ ախտորոշման, ինչպես նաև վաղաժամ ծննդաբերության, պտղի ներարգանդային աճի դանդաղման, պրեէկլամպսիայի զարգացման բարձր ռիսկի խմբերի հայտնաբերման նպատակով:

2015 թվականի հունիսի 5-6-ը Երևանում կազմակերպվել և մեծ հաջողությամբ իրագործվել է վերապատրաստման ինտենսիվ դասընթաց  «Հղիության առաջին եռամսյակում պտղի գերձայնային հետազոտություն. ժամանակակից պահանջներ» թեմայով, որին մասնակցել են 120 ուլտրաձայնային ախտորոշման մասնագետներ: Այդ դասընթացի անցկացման համար ևս հրավիրված էր Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման միջազգային կազմակերպության (ISUOG) Արևելաեվրոպական տարածաշրջանի դեսպան, Fetal Medicine Foundation-ի պաշտոնական մասնագետ պարոն Ֆրեդ Ուշակովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում