«Զօօ Ֆաունա Արտը» պնդում է՝ Տանզանիայում ձերբակալված Վարդանյանները կապ չունեն կապիկների ներմուծման հետ. News.am (ֆոտո)

«Զօօ Ֆաունա Արտը» պնդում է՝ Տանզանիայում ձերբակալված Վարդանյանները կապ չունեն կապիկների ներմուծման հետ. News.am (ֆոտո)

Հայաստանյան «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ն պետք է Տանզանիայից Հայաստան տեղափոխեր 61 կապիկները, իսկ այնտեղ ձերբակալված Վարդանյան եղբայրները որեւէ առնչություն չունեն արտահանման եւ իր ՍՊԸ-ի հետ: Այս մասին մարտի 26-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Խաչատրյանը:

«Արտյոմ եւ Էդուարդ Վարդանյաններն իմ ընկերներն են: Նրանք որեւէ կապ չունեն «Զօօ Ֆաունա Արտի» հետ, որն էլ պայմանագրով Հայաստան պետք է տեղափոխեր կապիկներին: Պարզապես մարտի 23-ին Վարդանյան եղբայրները եկել էին օդանավակայան, որ բագաժ ուղարկեին Հայաստան: Գիտեին, որ ինքնաթիռ է գալու, որոշել էին իրերի մի մասն ուղարկել: Այդ պահին ով օդանավակայանում եղել է, ձերբակալվել է»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Արթուր Խաչատրյանը:

Էկզոտիկ կենդանիների ներմուծմամբ զբաղվող Արթուր Խաչատրյանը հայտնեց նաեւ, որ իրենք ամեն ինչ արել են օրենքով, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ունեն եւ իրավունք են ունեցել՝ այդ կապիկներին Հայաստան տեղափոխելու համար:

«Մենք բոլոր փաստաթղթերն ունենք: Անօրինական ոչինչ չենք արել: Չգիտենք՝ ինչ է տեղի ունեցել: Սակայն այս պահին առաջնային է, որ մեր համերկրացիները ձերբակալված են Տանզանիայում: Արդեն փաստաբաններ ենք վարձել, երեքշաբթի էլ նախնական նիստն է լինելու»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Կայքը նշել է, որ ձերբակալված Արտյոմ Վարդանյանը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող «Ջամբո Պարկ» ռեստորանային համալիրի սեփականատերն է, որտեղ պահվում են բազմաթիվ էկզոտիկ կենդանիներ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 23-ին Տանզանիայի «Կիլիմանջարո» միջազգային օդանավակայնում ձերբակալվել են ազգությամբ հայ 52-ամյա Արտյոմ եւ 44-ամյա Էդուարդ Վարդանյանները: Տանզանական The Citizen պարբերականը հաղորդել է, որ եղբայրները փորձել են բեռնատար ինքնաթիռով Ալբանիա տեղափոխել 61 կապիկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում