Դավութօղլուն քննադատել է օտարերկրյա դեսպաններին
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն քննադատել է այդ երկրում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին այն բանի համար, որ վերջիններս մեծ հետաքրքրություն են դրսեւորում «Ջումհուրիեթ» թերթի լրագրողներ Ջան Դունդարի եւ Էրդեմ Գյուլի դեմ բացված դատական գործընթացի նկատմամբ, եւ դատավարությանը հետեւելու համար անգամ գնացել են Ստամբուլի արդարադա տության պալատ:Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է BBC-ին` նշելով, որ Դավութօղլուն բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին կոչ է արել ուշադիր լինել հետաքննության ժամանակ:
Նրա խոսքով` լրագրողների դատաքննության նկատմամբ օտարերկրյա դեսպանների մեծ հետաքրքրությունը կարող է ճնշում գործել եւ ազդեցություն թողնել հետաքննության վրա, ինչը, ըստ նրա` «չի համապատասխանում դիվանագիտական նրբանկատությանն ու պրոֆեսիոնալիզմին»:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւս` դիմելով դեսպաններին ասել էր. «Ով՞ եք դուք: Դուք ինչ՞ գործ ունեք այնտեղ: Սա ձեր երկիրը չէ, Թուրքիան է»:
«Ջումհուրիեթ» թերթի խմբագիր Ջան Դունդարը եւ թերթի Անկարայի ներկայացուցիչ Էրդեմ Գյուլն անցյալ տարի լուրեր եւ տեսանյութեր էին հրապարակել Սիրիայում ահաբեկիչների համար Թուրքիայի կառավարության կողմից զենք եւ սպառազինություն փոխադրվելու մասին, ինչի համար Էրդողանի հանձնարարությամբ դատախազությունը նրանց մեղադրել է լրտեսության մեջ եւ կալանավորել: Միջազգային հանրության ճնշումների տակ մինչեւ դատական գործընթացի ավարտը լրագրողները պայմանական ազատ են արձակվել: Եթե նրանց դեմ բացված մեղադրանքները հաստատվեն, ապա թուրք լրագրողներին ցմահ ազատազրկման պատիժ է սպասվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում