Ահաբեկչական երևույթների նկատմամբ կրոնները չպետք է անտարբեր մնան. Արամ Առաջին
Նմանատիպ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Հարության տոնի իր պատգամում բնության մեջ գոյություն ունեցող կյանքի նկատմամբ հարվածները համամարդկային լուրջ մտահոգության առիթ է համարել և մեղսագործություն Աստծո դեմ:
«Կյանքն Աստծո պարգևն է տրված մարդուն. որևէ անձ իրավունք չունի ուրիշի կյանքը խլելու, նույնիսկ քրիստոնեական հասկացողությամբ՝ որևէ անձ իրավունք չունի իր կյանքն իր անձից խլելու, որովհետեւ կյանքը պատկանում է Աստծուն։ Հետևաբար, մարդկային թե տիեզերական կյանքի նկատմամբ մարդը կոչված է հատուկ հոգածություն, վերաբերմունք ու հարգանք ցույց տալու։ Ուր կյանք կա, այնտեղ Աստծո ներկայությունը կա։ Կյանքի նկատմամբ որևէ հարված մեղանչում է Աստուծո դեմ։ Ներկա կյանքում ականատես ու ականջալուր ենք լինում այնպիսի արարքների, որոնք փաստորեն մեղանչում են Աստծո դեմ։ Ահաբեկչություն է մարդու կյանքը խլելը, ահաբեկչություն է բնության մեջ գոյություն ունեցող կյանքի նկատմամբ որևէ հարված։ Չարով, չարիքով ու մեղքով լեցուն այս երևույթները համամարդկային լուրջ մտահոգություններ են, որոնց նկատմամբ բոլոր կրոնները չպետք է անտարբեր մնան։ Քրիստոս աշխարհի կյանքը վերանորոգեց և ինքը դարձավ ճշմարիտ կյանքի տանող ճամբան։ Քրիստոսի հարությունը հրավեր է քայլելու Իր հարությամբ կնքված վերանորոգ կյանքի ճամփան»,-ասել է Արամ Առաջինը, հայտնում են կաթողիկոսարանից:
Անդրադառնալով Լիբանանի ու, առհասարակ, Միջին Արևելքի կացությանը, Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ «քրիստոնյա համանքներն առավել կազմակերպվածությամբ պետք է կառչած մնան իրենց իրավունքներին, և հետևաբար շրջանից արտագաղթը կարող է մեծապես վնասել քրիստոնեության վկայությանը»:
Ինչ վերաբերում է Լիբանանում նախագահական ընտրությունների անհրաժեշտությանը, Արամ Առաջինը ընդգծել է. «Ժողովուրդի կողմից ընտրված երեսփոխանները ժողովրդի ու պատմության դիմաց պարտավորություն ունեն նախագահական ընտրություն կատարելու։ Նրանք հաշվետու են ժողովրդին։ Մեր սպասումն է, որ այս գիտակցությամբ երեսփոխանները կատարեն նախագահի ընտրությունը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում