Պուտինի դեմ տեղեկատվական հարձակում է պատրաստվում՝ Գերմանիայից մինչև Ռուսաստան
Նմանատիպ
Մի շարք զանգվածային լրատվամիջոցներ «բացահայտ պատվիրված» տեղեկատվական հարձակում են նախապատրաստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա շրջապատի նկատմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ տեղեկացնելով, որ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (International Consortium of Investigative Journalists) կողմից հարցաքննական ոճով կազմված հարցեր են ստացել, և որ կազմակերպությանը կարող են անդամակցել ոչ միայն լրագրողներ, այլև հատուկ ծառայությունների և կառույցների ներկայացուցիչներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Պեսկովը հարկ է համարել մեջբերել միջազգային կազմակերպության հարցաքննական հարցաշարից մի քանի հարց, օրինակ՝ ճի՞շտ է, որ Պուտինի կարողությունը գերազանցում է 40 մլրդ դոլարը, որ նա տիրապետում է միլիարդների արժեք ունեցող ակտիվների և այլն: Ռուսաստանի ղեկավարը մեղադրվում է նաև կազմակերպված կոռուպցիայի, իր շրջապատի բիզնեսմեններին պետպատվերների տրամադրման մեջ, որոնք իր հաշվին են հարստացել:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մանրամասնել է նաև, որ համապատասխան հրապարակումներ առաջիկա օրերին լինելու են Գերմանիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և անգամ Ռուսաստանում:
«Դրանցում խոսք է գնալու Պուտինի անձի մասին, տեղեկատվորեն նրա ընտանիքին «հասնելու» փորձերի, ինչպես նաև նրա մանկության ընկերների, բիզնեսմենների, որոնց թվում են Կովալչուկը, Ռոտտենբերգը, օֆշորային կազմակերպությունների, նաև մեծաթիվ գործարարների, որոնց Պուտինն անգամ չի էլ տեսել»,ասել է Պեսկովը:
Կրեմլը չի բացառել, որ դատական հայց կներկայացվի այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք ՌԴ նախագահի անունը և հեղինակությունն արատավորող սուտ վկայություններ և մեղադրանքներ կհրապարակեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում