Հրաձգություն Վաշինգտոնում. զինված տղամարդը փորձել է մտնել Կոնգրես
Նմանատիպ
Վաշինգտոնի իրավապահ մարմինները մարտի 28-ին տագնապով ոտքի են հանվել այն բանից հետո, երբ զինված մի տղամարդ փորձել է մտնել ԱՄՆ-ի Կոնգրեսի այցելուների կենտրոնի շենք, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Չնայած այն բանին, որ մուտքի մոտ հերթապահող ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցներին հրազենի կիրառմամբ հաջողվել է արագորեն վնասազերծել տղամարդուն՝ Կոնգրեսի շենքերի ամբողջ համալիրը շրջափակվել է, իսկ այնտեղ գտնվող մարդկանց տեղափոխել են անվտանգ վայր: Բացի այդ, փակվել են Կապիտոլիումի բլրին հարող մի քանի փողոցներ: Հաշվի առնելով օրերս Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունները եւ Վաշինգտոնի կենտրոնում մեծ թվով զբոսաշրջիկների առկայությունը՝ այս միջոցները միանգամայն արդարացված էին:
Ավելի ուշ պարզվել է, որ միջադեպը ահաբեկչական գործողության փորձ չի եղել, այլ բողոքավոր մի անձի «քրական հանցագործություն», որին ոստիկանությունում արդեն գիտեին «նախորդ դեպքերից»: Բացի այդ, թեթեւ վերքեր է ստացել մերձակայքում հայտնված մի կին:
Ինչպես ավելի ուշ լրագրողներին պատմել է Կապիտոլիումի ոստիկանապետ Մեթյու Վերդերոզան, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 14:40-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 22:40-ին): Անհայտ մի տղամարդ շենք մտնելիս անցել է մետաղորսիչի շրջանակով, որն իսկույն «զրնգացել է»:
Ոստիկաններից մեկը այցելուին խնդրել է՝ հանձնել բոլոր մետաղական իրերը, ինչին ի պատասխան տղամարդը հանել է կուրտկայի տակ թաքցված ատրճանակը եւ այն ուղղել իրավակարգի պահապանի վրա: Այդ պահին ոստիկանները կրակ են բացել նրա վրա:
Վերդերոզան չի ճշտել, թե քանի վերք է ստացել տղամարդը, հավելելով միայն, որ նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են:
Ավելի ուշ իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ զինված տղամարդը 66-ամյա Լարի Դոուսենն է՝ Թենեսիից: Նա հաճախ էր գալիս Կապիտոլիումի բլուր եւ այնտեղ անցկացնում բողոքի ակցիաներ: Հոկտեմբերին ոստիկանությունն արդեն ձերբակալել էր Դոուսենին, երբ նա փորձում էր բացականչություններով վիժեցնել Ներկայացուցիչների պալատի նիստը: Ավելի ուշ դատարանն արգելել է նրան՝ հայտնվել Կոնգրեսում:
Միջադեպը, որը ոստիկանների զգոնության շնորհիվ չավարտվեց ողբերգությամբ, իրավապահ մարմինների համար եւս մեկ ստուգում դարձավ ԱՄՆ-ի մայրաքաղաքում՝ վերջերս Եվրոպայում կատարված ահաբեկչական գործողությունների լույսով:
Առաջին հաղորդումների ստացվելուց անմիջապես հետո Կոնգրեսի մի քանի շենքեր փակվել են այն ռեժիմին համապատասխան, որը կիրառվում է վտանգի դեպքում: Բոլոր ծառայողներին ցուցում էր տրվել՝ «մնալ պատսպարանում», իսկ շենքում գտնվող մեծաթիվ զբոսաշրջիկներին տարհանել են անվտանգ վայր: Կոնգրեսն այս օրերին արձակուրդի մեջ է, ուստի մարտի 28-ին շենքում լսումներ չեն եղել:
Միաժամանակ իրավակարգի պահապանները փակել են Կոնգրեսին հարող մի քանի փողոցներ: Մեկ ժամ անց, երբ պարզ է դարձել, որ այլեւս սպառնալիք չկա, զգուշության այդ միջոցները չեղյալ են հայտարարվել: Կապիտոլիումի ոստիկանապետը հայտնել է, որ այցելուների կենտրոնը սովորական ռեժիմով աշխատանքը կսկսի մարտի 29-ի առավոտյան, իսկ իրավապահ մարմինները բոլոր միջոցները կձեռնարկեն մարդկանց անվտանգությունն ապահովելու համար:
Կոնգրեսում տեղի ունեցած հրաձգությունը համընկել է Սպիտակ տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետ, որտեղ մի կին փորձել է տեղափոխել ԱՄՆ-ի նախագահի նստավայրի մերձակա արգելափակոցը: Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են նրան եւ քիչ անց հայտնել, որ իրավախախտը ոչ մի կերպ կապված չէ Կոնգրեսում վնասազերծված զինված տղամարդու հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում