Թբիլիսիի կենտրոնում «կանաչ» փողոց կհայտնվի
Նմանատիպ
Թբիլիսիի պատմական մասի փողոցներից մեկը շուտով «կկանաչի», ինչպես նաեւ կդառնա գերժամանակակից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին, ասել է Տեխնոլոգիական զարգացման հիմնադրամի ղեկավար Կախա Գվանցելաձեն:
«Կանաչ փողոց» փորձնական ծրագրի շրջանակներում ասֆալտը կկանաչի, իսկ նստարանները «կխելոքանան»: Այդ նստարաններին հանգստանալ կարելի կլինի նույնիսկ անձրեւից հետո՝ դրանք շուռ տալով դեպի չոր կողմը:
Այնտեղ նաեւ կտեղակայեն լիցքավորման սարքեր, ինչպես նաեւ փողոցային լուսավորում եւ ինովացիոն աղբամաններ (թափոնների մամլման սարքով), որոնք կաշխատեն արեգակնային էներգիայով:
«Բնակչությունը հնարավորություն կունենա լիցքավորելու ձեռքի հեռախոսները, լեփթոփները, իսկ չարջերը (լիցքավորման սարքը) կաշխատի արեգակնային էներգիայով: Նաեւ բանակցություններ են վարվում «Թելասի» (էլեկտրաբաշխիչ) ընկերության հետ՝ փողոցում էլեկտրամեքենաների լիցքավորման ապարատների տեղակայման համար»,- ասել է Գվանցելաձեն:
«Դա փոքրիկ փողոց է՝ շուրջ 230 մետր, սակայն նման նախագիծ հնարավոր կլինի իրականացնել այլ մեծ փողոցներում»,- նշել է Գվանցելաձեն: Հայեցակարգը մշակել է վրացա-գերմանական ընկերությունը, իսկ նախագծումն իրականացնում է Վրաստանի ընկերությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում