Բուրջանաձեն չի հավատում, որ ԵՄ-ն կչեղարկի այցագրային ռեժիմը Վրաստանի հետ

Բուրջանաձեն չի հավատում, որ ԵՄ-ն կչեղարկի այցագրային ռեժիմը Վրաստանի հետ

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն կարծում է, որ երկրի իշխանությունները կեղծ սպասումներ են ստեղծում Եվրամիության հետ այցագրային ռեժիմի ազատականացման կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Եվրոպայի ամենախոշոր կուսակցության նախագահն ավելի վաղ ասել է, որ իրենք Եվրախորհրդարանում Վրաստանի հետ այցագրային ռեժիմի վերացումը կպաշտպանեն միայն այն դեպքում, եթե 2016 թվականի աշնանը երկրի խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ եւ արդար: Վրաստանի իշխանություններն ակնկալում են անայցագիր ռեժիմն ստանալ ամռան սկզբին:

«Իշխանությունները կեղծ սպասումներ են ստեղծում: Այն փաստը, որ նոր ենթադրություններ են ի հայտ եկել այն բանի կապակցությամբ, որ անայցագիր ռեժիմի ազատականացման հարցը կապված կլինի ընտրությունների անցկացման հետ, դա արդեն այն բանի շատ լուրջ ցուցանիշն է, ինչի մասին ասում էի. ամենայն հավանականությամբ անայցագիր ռեժիմի ազատականացումը խնդրահարույց կլինի մեր երկրի համար»,-լրագրողներին հայտարարել է Բուրջանաձեն:

Միանգամայն ակներեւ է, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հայտարարությունը պայմանավորված է եղել «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ակտիվացման հետ, քանի որ նրանք, լինելով ԵԺԿ-ի անդամներ, լուրջ ազդեցություն ունեն նրանց վրա, նշել է նա:

«Ցավոք, «Վրացական երազանք» կառավարող կոալիցիան չկարողացավ «Ազգային շարժման» ազդեցությունը թուլացնել ոչ «Ժողովրդական կուսակցություն» խմբակցությունում, ոչ Էլ մյուս կառույցներում, քանի որ նրանք բացարձակապես անարդյունավետ են աշխատում»,- ընդգծել է Բուրջանաձեն, հաղորդել է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում