Հրանտ Բագրատյանը կողմ է ՀԱԿ-ի առաջարկած 4+4+4 ձևաչափին
Նմանատիպ
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կողմ է ընտրական օրենսգրքի նախագծի 4+4+4 ձևաչափով քննարկումներին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ դա օրենսգրքի նախագծի քննարկման ամենաընդունելի ձևաչափն է: «Դա միակ ձևն է, որ գնանք մեր կարծիքն ասենք, ուրիշ ձև կա՞: Եթե կա այլ ձևաչափ, ասեք»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բագրատյանը:
Նա հավելեց, որ ընտրական օրենսգրքի ներկայացված նախագծի հետ կապված 5 դիտողություն կա, որ իրենք հավաքել են ու ցանկանում են, որպեսզի դրանք ընդունվեն իշխանությունների կողմից:
Դիտարկմանը, թե իշխանություններն արդեն հայտարարել են, որ ստորագրված ցուցակները հրապարակելու ընդդիմության պահանջը չի կատարվելու, Բագրատյանը պատասխանեց. «Իշխանությունն ասում է, որ այդ ցուցակները հրապարակային պատին չի կախելու, սակայն ընտրություններից հետո թեկնածուների վստահված անձինք կարող են էկրանի վրա ծանոթանալ այդ ցուցակներին: Ինձ պետք է, որ իմ վստահված անձը կարողանա տեսնել այդ ցուցակները»,- հավելեց Բագրատյանը:
Դիտարկմանը, թե նախկինում ՀԱԿ-ը քննադատում էր այն քաղաքական ուժերին և գործիչներին, ովքեր սահմանադրական բարեփոխումների շրջանակներում հանդիպումներ էին ունենում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, իսկ հիմա այդ ուժերն են ՀԱԿ-ին քննադատում իշխանությունների հետ քննարկման գնալու համար, Հրանտ Բագրատյանն ասաց. «Ինձ ինտրիգների մեջ մի քաշեք: Հիմա Սահմանադրությունն ընդունվել է, և այդ Սահմանադրության պայմաններում պետք է լինի ընտրություն: Ի՞նչ անենք հիմա, դա է՞լ մերժենք, թե՞ երկու օրը մեկ ասենք իշխանափոխություն ենք անելու»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում