ՖԱՖ-ը հայտարարություն է տարածել մարզադաշտ մտած երկրպագուի վերաբերյալ

ՖԱՖ-ը հայտարարություն է տարածել մարզադաշտ մտած երկրպագուի վերաբերյալ

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» («FAF») ֆան-շարժումը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստան – Բելառուս հանդիպման ժամանակ դաշտ ներխուժած և մատներով հայհոյանք նշանակող ժեստ ցույց տված երկրպագուին։

«Մարտի 25-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան-Բելառուս հանդիպման երկրորդ կեսի ընթացքում ճայթրուկով մարզադաշտ ներխուժեց երկրպագու, ով նաև «Առաջին հայկական ճակատ» ֆան-շարժման անդամ է: Չնայած այն հանգամանքին, որ Հայկը խաղադաշտ մուտք գործեց այլ` արևելյան տրիբունայից, այդուամենայնիվ մեր տղան գործել է շարժման կանոնակարգին հակառակ և չհամաձայնեցնելով իր գործողությունները շարժման ղեկավար կազմի և մյուս անդամների հետ: Հայկը ընդունում է, որ խախտել է շարժման կանոնակարգը և ներողամտություն է հայցում հայհոյանքի համար:

Ասուլիսների, հայտարարությունների ժամանակ, ՀՖՖ-ի հետ եղած կոնֆլիկտային ողջ ժամանակահատվածում ՖԱՖ-ը միշտ նշել է, որ անձերի դեմ պայքար չի մղում և եղած խնդիրները անձնական դաշտ չի տեղափոխում: Մեր շարժման գլխավոր նպատակն է նպաստել հայկական ֆուտբոլի և Հայաստանում երկրպագման մշակույթի զարգացմանը, և նման դրսևորմամբ գործողությունները չեն համապատասխանում շարժման սկզբմունքներին:

Դատապարտելով արարքը` ցանկանում ենք ընդգծել, որ դա ոչ թե առանձին անհատի, այլ ամբողջ շարժման բացթողումն է: ՖԱՖ-ը, հանդիսանալով ֆան-մշակույթի ձևավորողը Հայաստանում, միշտ դեմ է եղել հայհոյախոսությանը և ամեն տեսակի անկարգությունների դրսևորումներին մարզադաշտում: Խստորեն քննադատում ենք այդպիսի գործողությունները և կոչ ենք անում բոլոր երկրպագուներին իրենց բողոքն արտահայտել այլ՝ կառուցողական և օրինական միջոցներով: Գործելու ենք ավելի ուշիմ՝ անվերահսկելի, շարժման անունը վարկաբեկող արարքներից խուսափելու համար»,-ասված է հայտարարության մեջ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում