Բուժհիմնարկներում ՊՆ-ի «ուղեգիրն» անտեսել են. անհետ կորածների հարազատների բողոքներին ընթացք կտրվի (ֆոտո)

Բուժհիմնարկներում ՊՆ-ի «ուղեգիրն» անտեսել են. անհետ կորածների հարազատների բողոքներին ընթացք կտրվի (ֆոտո)

ՀՀ պաշտպանության նախարարության և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչներն Արմավիրի մարզում հանդիպեցին ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորածների հարազատներին, որին մասնակցում էր  նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը:

Ավելի վաղ նման հանդիպումներ են կայացել Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի,  Լոռու  և Շիրակի մարզերում: Նպատակը՝ տեղում և անձամբ ծանոթանալ անհետ կորածների հարազատների սոցիալական և առողջապահական խնդիրներին, ինչու չէ՝ որոշ չինովնիկների կողմից թույլ տրվող խախտումներին:

ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհետ  կորածների հարցերով զբաղվող  հանձնաժողովի  նախագահ Սեյրան Օհանյանն ամեն պատեհ առիթի շեշտում է՝  նրանք սրբագույն պատերազմին տվեցին ամենաթանկը՝ զրկված լինելով իրենց որդիների, ամուսինների  շիրիմներին   այցելելու   հնարավորությունից, հետևաբար այս ընտանիքներին անտեսելու  բարոյական իրավունք  ոչ մեկ չունի:  Մինչդեռ ինչպես հերթական անգամ պարզվեց՝  որոշ առողջապահական հաստատություններում իրենց թույլ են տալիս խախտել բարոյական և օրենքով ամրագրված իրավունքի սահմանը. անհետ կորածի հարազատներից մեկին հրաժարվել են աչքի վիրահատություն կատարել, մյուսին տրամադրել  կատե հետազոտման արդյունքները՝ մինչև վճարում չկատարի: Ինչին ի պատասխան Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ,  փոխգնդապետ Սամվել Ասատրյանը և ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանն առաջարկեցին առողջապահության նախարարի անունով դիմում գրել՝ խոստանալով, որ անհետ կորածների կանանց, մայրերին և երեխաներին անհրաժեշտության դեպքում անվճար բուժօգնություն կցուցաբերվի՝ ընդհուպ՝ վիրահատական միջամտություն:

Ավելին, հանդիպման մասնակիցների հետ  անցկացվեցին խորհրդատվություններ, իրականացվեցին բուժզննումներ, որից հետո տրվեցին համապատասխան ուղղորդումներ պաշտպանական գերատեսչության և  քաղաքացիական առողջապահական հաստատություններում հետագա բուժման կամ  վիրահատության կազմակերպման  համար:

Այնուհետ սոցապ փոխնախարարն անհետ կորածների հարազատներին տեղեկացրեց կառավարական մի շարք ծրագրերի մասին, որոնց նրանք  որպես անհետ կորածների հարազատներ կարող են մասնակցել:

«Ով ունի հողատարածք, կարող է դիմել տարածքային զբաղվածության կենտրոն և սեփական հողը մշակել ու պետությունից ստանալ օրական 4000 դրամ: Այսինքն՝ պետությունը գումար է տալիս, որ դուք ձեր հողատարածքը մշակեք, դա կազմում է  350.000 հազար դրամ: Ծրագիրն եռամսյա է: Երկրորդ՝ եթե չեք ստանում անապահովության նպաստ, որովհետև միավորները փոքր-ինչ պակասում են, ապա կարող եք դիմել, հարցը կքննարկվի և կտրվի հրատապ օգնություն: Երրորդ՝ մինչև 7 տարեկան երեխաների բժշկական օգնությունն անվճար է, դրանից հետո հարցը քննարկման կդրվի»,-մանրամասնեց Ջեմմա Բաղդասարյանը:

Հաշվի առնելով խնդիրների լուծման անհատական  մոտեցման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ աշխատանքային զբաղվածության, ՀՀ ՊՆ ԳՇ օպերատիվ վարչության փոխգնդապետ Սամվել Ասատրյանը սոցապնախարարին առաջարկեց անհետ կորածների անհատական ընդունելություն կազմակերպել, ինչը միանշանակ ընդունվեց: Իսկ մինչ այդ ՊՆ ներկայացուցիչն իրենց  աշխատանքի հիմնական ուղղություններն ու նպատակները ներկայացրեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, նա իր հերթին վստահեցրեց՝  մարզպետարանը ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորածների և զոհվածների ընտանիքներին հնարավորության սահմաններում օգնություն ցուցաբերում է՝ առողջապահականից մինչև բերքի մթերում: Հանդիպման ավարտին անհետ կորածների ընտանիքներին   նյութական օգնություն տրամադրվեց:

Հավելենք, որ Արմավիրի  մարզում այս պահին ապրում է  անհետ կորած անձանց մոտ 30 ընտանիք։

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում