Եվրոպական հավաքականների երկարակյացները

Եվրոպական հավաքականների երկարակյացները

Մինչև անցյալ տարվա նոյեմբեր ամիսը եվրոպական հավաքականների «ամենաերկարակյաց» մարզիչը Դանիայի ընտրանու հետ 15 տարի աշխատած Մորտեն Օլսենն էր: Եվրո-2016-ի նախընտրական խաղերում կրած պարտությունները 66-ամյա Օլսենին հեռացրին պաշտոնից: Հասկանանք, թե եվրոպական հավաքականների որ մարզիչներն են ավելի երկար մնացել իրենց պաշտոնում:

1. Յոախիմ Լյով, Գերմանիա – 9 տարի և 8 ամիս

Օլսենի փոխարեն այժմ աշխատանքում ամենաերկարկյաց մարզիչների աղյուսակը Յոախիմ Լյովն է գլխավորում: Դեռևս 2004-ին նա ընդգրկվեց Գերմանիայի հավաքականի մարզչական անձնակազմում, դարձավ Յուրգեն Կլինսմանի օգնականը: Երբ 2006 թվականի Մունդիալից հետո Կլինսմանը հեռացավ Բունդեսթիմից, նրան Լյովը փոխարինեց: Երկար տարիների աշխատանքը 2014-ին տվեց ցանկալի արդյունքը. գերմանացիները Լյովի ղեկավարությամբ նվաճեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Լյովը վաղուց կարող էր որևէ թոփ-ակումբ գլխավորել, բայց դեռևս նախընտրում է հավաքականի մարզչի աշխատանքային գրաֆիկը:

2. Վիսենտե դել Բոսկե, Իսպանիա – 7 տարի, 8 ամիս

Վիսենտե դել Բոսկեն 2008-ին գլխավորեց Իսպանիայի հավաքականը՝ փոխարինելով Լուիս Արագոնեսին, ում հետ իսպանացիները հասցրել էին Եվրոպայի չեմպիոն դառնալ: Դել Բոսկեին հաջողվեց ոչինչ չքանդելով ինչ-որ նոր բան ավելացնել: Նրա ղեկավարությամբ հավաքականը դարձավ Մունդիալ-2010-ի և Եվրո-2012-ի չեմպիոն, իսկ Բրազիլիայում կայացած Մունդիալն իսպանացիները ձախողեցին, նույնիսկ խմբից դուրս չեկան: Եվրո-2016-ը Վիսենտե դել Բոսկեի համար վերջին մրցաշարը կլինի Իսպանիայի հավաքականի ղեկին: 65-ամյա մարզիչը կարծում է, որ արդեն շատ երկար ժամանակ է, ինչ գլխավորում է իսպանական ընտրանին և հեռանալն օգտակար կլինի թիմի համար: Ինչ խոսք, Ֆրանսիայում հաղթելը գեղեցիկ վերջաբան կլիներ Վիսենտե դել Բոսկեի կարիերայի համար:

3. Էրիկ Համրեն, Շվեդիա – 6 տարի և 4 ամիս

Սկանդինավցիները կտրուկ փոփոխություններ չեն սիրում, դրա համար էլ զարմանալի չէ, որ Համրենն մոտ 6.5 տարի է՝ գլխավորում է Շվեդիայի հավաքականը: Այս մարզչի հետ երկրի ընտրանին մասնակցել է Եվրո-2012-ին և Անգլիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի հետ միևնույն խմբում պայքարելով՝ վերջին հորիզոնականում է մնացել: Մունդիալ 2014-ի ընտրական փուլում էլ Շվեդիան պարտվեց Պորտուգալիային: Եվրո-2016-ի ընտրական փուլ, ամեն ինչ կրկին դժվար էր, սակայն հաջող վերջաբան ստացվեց. Զլատան Իբրահիմովիչն ու թիմակիցները Համրենի գլխավորությամբ կուղևորվեն Ֆրանսիա:

4. Կոլդո Ալվարես, Անդորրա – 6 տարի և 1 ամիս

45-ամյա Կոլդո Ալվարեսը 2010 թվականից մարզում է Անդորրայի հավաքականը: Նախկինում պաշտպանելով Անդորրայի դարպասը՝ Ալվարեսը 78 խաղի է մասնակցել: Հետաքրքիր է, որ Ալվարեսն ակումբային մարզչի աշխատանքի փորձ չունի, բայց խաղալուն զուգահեռ զբաղեցրել է երկրի պատանեկան ու երիտասարդական հավաքականների մարզչի պաշտոնը: Իհարկե, երկրի հավաքականի մակարդակը նրան հեռու է պահում ավելորդ պատրանքներից: Նախընտրական երեք փուլերում միասին Անդորրան ոչ մի միավոր չի վաստակել, բայց Եվրո-2016-ի նախընտրական փուլում կարողացել է 4 գնդակ խփել, որոնց թվում են նաև Բելգիայի և Ուելսի հավաքականների դարպասներն ուղարկածները:

5. Լյուկ Հոլց, Լյուքսեմբուրգ – 5 տարի և 7 ամիս

Լյուքսեմբուրգի հավաքականի 46-ամյա մարզիչ Հոլցը ևս իր երկրի հավաքականը 2010-ից է զբաղեցնում: Խաղալու տարիներին Հոլցը ազգային հավաքականում 55 հանդիպման է մասնակցել և 1 գնդակի հեղինակ դարձել: Կարիերայի ավարտին խաղացող-մարզչի դերում է եղել «Էտցելայում», գլխավորել է երկրի երիտասարդական թիմը: Առաջին հավաքականի հետ Լյուկը որոշակի ձեռքբերումներ ունի. Եվրո-2012-ին ընդառաջ՝ Լյուքսեմբուրգը հաթել էր Ալբանիային և ոչ-ոքի խաղացել Բելառուսի հետ, Մունդիալ-2014-ի որակավորման փուլում հաղթել է Հյուսիսային Իռլանդիայի, ապա ոչ-ոքի է խաղացել, երկու անգամ էլ ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցիների հետ: Եվրո-2016-ի որակավորման վերջին փուլում Հոլցի թիմը հաղթեց Մակեդոնիային, նրանցից 3 միավոր խլեց ու ոչ-ոքի խաղաց Բելառուսի հետ: Լավ արդյունք է: Բարդ է Լյուքսեմբուրգից ավելին պահանջել:

6. Լարս Լագերբակ, Իսլանդիա – 4 տարի և 5 ամիս

Ազգությամբ շվեդ Լագերբակը սենսացիոն կերպով Իսլանդիայի հավաքականին դուրս բերեց Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ: Պատմական հաջողության հասնելու համար նրանից 4 տարի պահանջվեց: Լագերբակի թիմը, Շվեյցարիային հաջորդելով, խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց, 10 խաղերից 5-ում հաղթեց, պարտվեց Խորվաթիային: Ֆրանսիա գնալու ուղեգիր իսլանդացիներն առաջնահերթ Թուրքիային և Հոլանդիային հաղթելով նվաճեցին: 

7. Մարսել Քոլլեր, Ավստրիա – 4 տարի և 4 ամիս

Ավստրիայի հավաքականը վերջին երկու փուլերն անց է կացրել «Քյոլնի» և «Բոհումի» նախկին մարզիչ Մարսել Քոլլերի հետ: Նրա գործունեությունն ամենաբարի խոսքերին է արժանի, ավստրիացիները վաղուց այսքան լավ տեսք չեն ունեցել: Եվրո-2016-ի նախընտրական փուլը Քոլլերի թիմը հիանալի հաղթահարեց: Ավելի քան հաջողությամբ խաղացին խմբում՝ տոնելով 9 հաղթանակ: Նման մասնագետին ավստրիացիներն իհարկե, կցանկանան պահել որքան հնարավոր է երկար, և դրա համար երկարաձգել են մարզչի հետ պայմանագիրը:

8. Լարս Օլսեն, Ֆարերյան կղզիներ – 4 տարի և 4 ամիս

Դանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն աշխատել է «Ռանդերսի» և «Օդենսեի» հետ, իսկ 2011-ին ընդունել է Ֆարերյան կղզիների հավաքականի առաջարկը: Եվրոպական ֆուտբոլի ետնապահների հետ մարզիչը որոշակի հաջողության կարողացել է հասնել: Եթե Մունդիալ-2014-ի նախընտրական փուլում Օլսենի թիմը կարողացել է միայն մեկ անգամ ոչ-ոքի խաղալ Ղազախստանի ընտրանու հետ, ապա Եվրո-2016-ի համապատասխան փուլում երկու անգամ հաղթել է Հունաստանին: Այլ հանդիպումներում էլ թիմը արժանավայել խաղ է ցուցադրել: Բարդ է գնահատական տալ այն դեպքում, երբ թիմի ավագին աշխատավայրից խաղին մասնակցել չեն թույլատրում, բայց Օլսենը սովոր է ու ինչ-որ բան կարողանում է կորզել:

9. Ջիանի Դե Բյազի, Ալբանիա – 4 տարի, 3 ամիս

Իտալացի Դե Բյազին ևս այն մարզիչներից է, ով հավաքականի հետ առնվազն երկու փուլի աշխատանքային փորձ ունի, և կարողացել է զգալի արդյունքների հասնել: 59-ամյա մարզիչը 2012-ի սկզբից գլխավորեց Ալբանիայի ընտրանին: Նախկինում նա աշխատել էր «Ուդինեզեի», «Լևանտեի», «Տորինոյի» հետ: Մունդիալ 2014-ի նախընտրական փուլում ալբանացիները բավականին լավ հանդես եկան, թեև 5-րդ տեղը զբաղեցրին խմբում, բայց 11 միավոր վաստակեցին, շրջանցեցին Կիպրոսին, Սլովենիային և Նորվեգիային, իսկ Եվրո 2016-ի որակավորման փուլում ալբանացիները պարզապես ապշեցրին: Նրանք զբաղեցրին երկրորդ հորիզոնականը՝ Պորտուգալիայից հետո: 8 խաղում ալբանացիները 4 հաղթանակ տարան. երկուսը՝ Հայաստանի հավաքականի, մեկը՝ պորտուգալական ընտրանու և մեկն էլ՝ Սերբիայի նկատմամբ: Բացի այդ, 2 անգամ ոչ-ոքի խաղացին Դանիայի հետ: 

10. Մայքլ Օ՛Նիլ, Հյուսիսային Իռլանդիա – 4 տարի, 3 ամիս

Նմանատիպ է Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի՝ Մայքլ Օ՛Նիլի պատմությունը: Հարազատ երկրի հավաքականը գլխավորելով՝ նա 4 տարում կարողացավ նոր մակարդակի հասցնել թիմին և Եվրո-2016-ի ուղեգիր նվաճել: Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը մեկական հաղթանակ տարավ Հունգարիայի, Ֆինլանդիայի նկատմամբ և 2 անգամ էլ առաջ անցավ Հունաստանից, Ֆարերյան կղզիներից ու Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց առաջին հորիզոնականով: Հնարավոր է, որ մինչև 2020 թվականը պայմանագիրը երկարաձգած Օ՛Նիլը դեռևս չի հավատում կատարվածին, ու կարծում է, թե երազ է տեսել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում