Ահաբեկչության դեմ պայքարում գլոբալ մոտեցում է հարկավոր. Պան Գի Մուն

Ահաբեկչության դեմ պայքարում գլոբալ մոտեցում է հարկավոր. Պան Գի Մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հորդորել է երկրներին՝ միավորել ջանքերն ահաբեկչության դեմ մղվող պայքարում, ինչպես նաեւ ավելի մեծ ուշադրություն դարձնել ծայրահեղական սպառնալիքի ծագման նախադրյալներին հակազդելուն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Թունիսում կայացած մամուլի ասուլիսում:

«Ահաբեկչությունը լուրջ սպառնալիք է ոչ միայն Լիբիայում եւ Թունիսում, այլեւ ամբողջ աշխարհում, ինչի մասին վկայում են վերջին օրերի իրադարձությունները Բելգիայում, Իրաքում եւ Պակիստանում: Մեզ հարկավոր է միահամուռ, գլոբալ մոտեցում, եթե մենք ցանկանում ենք արդյունավետորեն պայքարել ահաբեկչության դեմ»,- ասել է ՄԱԿ-ի վարչական ղեկավարը՝ ընդգծելով «մարտնչող ծայրահեղականության դեմ նոր գլոբալ գործընկերության» ստեղծման անհրաժեշտությունը:

Պան Գի Մունը բարձր է գնահատել երկրների ներդրումը Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, բայց նախազգուշացրել է, որ ռազմական միջոցները, որքան էլ որ անհրաժեշտ ու արդյունավետ լինեն, «չեն կարող վերջնականապես լուծել» գոյություն ունեցող հիմնախնդիրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում