Բրյուսելում ահաբեկչությունից հետո մետրոյի աշխատանքը վերսկսվել Է 56 տոկոսով

Բրյուսելում ահաբեկչությունից հետո մետրոյի աշխատանքը վերսկսվել Է 56 տոկոսով

Բելգիայի մայրաքաղաքի մարտի 22-ին իրականացված ահաբեկչական գործողություններից հետո մետրոպոլիտենի աշխատանքը ներկա դրությամբ վերսկսվել է 56 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է քաղաքային տրանսպորտի օպերատորը՝ STIB ընկերությունը: Նա հուսով է մինչեւ շաբաթվա վերջը լիովին վերականգնել մետրոյի աշխատանքը՝ «բացառությամբ երկու-երեք կայարանների»:

«Մարտի 30-ին բաց կլինեն մետրոյի 69 կայարաններից 39-ը: Մետրոյի եւ թեթեւ մետրոյի աշխատանքի ռեժիմը կմնա անփոփոխ՝ ժամը 07:00-ից մինչեւ 19:00-ն»,- նշել է ընկերությունը:

Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանի թռիչքի սրահում, իսկ մեկ ժամ հետո՝ եւս մեկը եվրոթաղամասի «Մալբեկ» կայարանում: Ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել 32 մարդ, նրանք բոլորն Էլ նույնականացված են: Խոսքը վերաբերում է 17 բելգիացիների եւ 15 օտարերկրացիների, որոնց թվում կան Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Իտալիայի, Շվեդիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Մարոկոյի, Պերուի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացիներ ու հպատակներ:

Եվս շուրջ 340 մարդ վերքեր են ստացել, նրանցից 96-ը դեռեւս մնում են հիվանդանոցներում: Ոստիկանությունը նաեւ հայտնաբերել է մարմնամասեր եւ նույնականացրել այն երեք մահապարտների անձերը, որոնք կատարել են այդ պայթյունները: Նրանք բոլորը Բրյուսելի ահաբեկչական խմբավորման անդամներ են, որոնք կապված են 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում