Շիրխանյանը տեղյակ է եղել խմբի ծրագրերին և ուրույն դերակատարություն ստանձնել. ԱԱԾ

Շիրխանյանը տեղյակ է եղել խմբի ծրագրերին և ուրույն դերակատարություն ստանձնել. ԱԱԾ

Դեռևս 2015-ի մայիս ամսից ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը  շփումներ է ունեցել 2015-ի նոյեմբերին  վնասազերծված զինված խմբի ղեկավարների հետ: Ավելին, տեղյակ է եղել  խմբի ծրագրերին և նպատակներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը`   ներկայացնելով   նախաքննության  որոշ տվյալներ:

«Ուրույն դերակատարություն է ստանձնել խմբի ծրագրերի իրագործման հարցում մասնակցություն ապահովելու համար և կատարել է որոշակի գործողություններ: Հիմա մեր խնդիրը սա է՝ պարզել,  թե Վահան Շիրխանյանն իր ստանձնած պարտավորությունները կատարել է, թե՞ ոչ, որից հետո նորից կանդրադառնանք նրա գործողությունների գնահատմանը»,-ասաց նա:

Պատեհ առիթն օգտագործելով քննչական խմբի ղեկավարը պնդեց, որ ձերբակալված Վահան Շիրխանյանի առողջական վիճակի մասին մամուլում  որդու կողմից շրջանառվող տեղեկությունները չափազանցված են. «Այդ տեղեկությունն, ըստ էության, իրականությանը չի համապատասխանում: Վահան Շիրխանյանին ձերբակալելուց հետո առաջին անգամ նրա առողջական խնդիրների մասին մեզ իրազեկել են պաշտպանները, որից հետո անմիջապես մենք պատշաճ կերպով տեղեկացրել ենք քրեակատարողական հիմնարկին: Վերջինս էլ անմիջապես ապահովել է բժշկական զննություն, մասնավորապես, անցկացվել է դուպլեքս տեսակի հետազոտություն, որից հետո բժիշկը նշանակումներ է կատարել: Այսինքն` արվել է այն, ինչ պիտի արվի, սակայն կատարվածը չի բավարարել պաշտպանական կողմին: Հետաքրքրականն այն է, որ Վահան Շիրխանյանը երբևէ չի բողոքել իր նկատմամբ վերաբերմունքից: Ըստ իս՝ զինվորական շրջապատի հետ իր շփումներն են, որ թույլ չեն տալիս ոչ ազնիվ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածել: Ասեմ, որ պաշտպանական կողմը միջնորդել է նաև, որ իրենց նախանշած բժիշկը գա և հետազոտի, դա ևս անմիջապես արվել է: Վահան Շիրխանյանը տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություն, որտեղ էլ կատարվել է անհրաժեշտ բժշկական միջամտություն՝ երակում ֆիլտր է տեղադրվել, և  մի քանի օր պառկելուց հետո բժիշկների թույլտվությամբ նա  տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Բայց քանի որ նրա առողջականի հետ կապված հարցը նորից իր հարազատների կողմից շահարկվում է,  մենք նշանակել ենք դատաբժշկական փորձաքննություն: Սպասում ենք եզրակացությանը»:

Անդրադառնալով «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի պաշտպանի այն հայտարարությանը, թե 1,5 ամիս որևէ քննչական գործողություն չի կատարվում, Միքայել Համբարձումյանը նշեց, որ դա ևս իրականությանը չի համապատասխանում. «Կատարվել է առերես հարցաքննություն, նրա վերաբերյալ առկա են ուղղակի ցուցմունքներ: Մենք պարզել ենք մեզ հետաքրքրող փաստերը, հանգամանքները: Դրանք համադրել ենք գործով ձեռքբերված մյուս ապացույցների տվյալների հետ, համոզվել ենք, որ դրանք համապատասխանում են իրականությանը: Այսօր Գառնիկ Մարգարյանի պաշտպանը, նման հայտարարություն կատարելով, կարծում եմ, որ նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը հրավիրել պաշտպանյալի գործի վրա: Ես չեմ ուզում վերջնական գնահատականներ, որակումներ տալ, քանի որ նախաքննությունը դեռ շարունակվում է: Ես կարծում եմ, որ մենք մեղադրանք ենք առաջադրել հիմնավոր, որին կանդրադառնանք նախաքննության ավարտին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում