Իրանը չպետք է անտեսի ԱՄՆ-ից բխող սպառնալիքը. Այաթոլլա Խամենեի

Իրանը չպետք է անտեսի ԱՄՆ-ից բխող սպառնալիքը. Այաթոլլա Խամենեի

Իրանը չպետք Է անտեսի ԱՄՆ-ից բխող սպառնալիքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ Թեհրանի մզկիթներից մեկում ելույթ ունենալով լսարանի առջեւ:

«ԱՄՆ-ը, որի քաղաքականությունը հիմնվում Է ուժի եւ հարստահարման, տնտեսական եւ մշակութային ճնշման վրա, չի հրաժարվել Իսլամական Հանրապետությանը եւ երկրի ժողովրդին հարված հասցնելու իր ձգտումներից, եւ Իրանը չպետք Է անտեսի այդ իրողությունը»,- ԻՌՆԱ գործակալությունը մեջբերում է Իրանի առաջնորդի խոսքը, որը Վաշինգտոնին մեղադրել է Իսլամական Հանրապետության նկատմամբ «թշնամական վերաբերմունքը» շարունակելու մեջ:

«Իր նպատակներին հասնելու համար Միացյալ Նահանգներն օգտագործում Է այնպիսի գործիքներ, ինչպիսիք են տնտեսական փոխանակման սահմանափակումը, պատժամիջոցները, ռազմական սպառնալիքները: Մենք պետք Է ի վիճակի լինենք դիմակայելու նրան եւ պաշտպանելու մեր շահերը»,-ասել է Ալի Խամենեին:

«Ես ինչպես երկրի հրթիռային հզորության ամրապնդման, այնպես Էլ բանակցությունների՝ որպես միջազգային փոխգործակցության գործիքի՝ կողմնակիցն եմ»,-իր տեսակետն Է հայտնել Իրանի առաջնորդը: «Իսլամական Հանրապետության առջեւ ծառացած խնդիրների լուծման համար անհրաժեշտ Է օգտագործել նրա տրամադրության տակ եղած բոլոր հնարավորությունները»,-ասել Է Խամենեին, ընդգծելով, որ «Իսլամական Հանրապետության աճող ռազմական հզորությունը վճռորոշ նշանակություն ունի պետության անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումն ապահովելու համար»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում