Շվեյցարական Լուգանո քաղաքում կայացել է բարեգործական միջոցառում՝ ի նպաստ Գյումրիի անօթևան ընտանիքների

Շվեյցարական Լուգանո քաղաքում կայացել է բարեգործական միջոցառում՝ ի նպաստ Գյումրիի անօթևան ընտանիքների

Գյումրիում անօթևան ընտանիքների խնդրի լուծման նպատակը համախմբել է շատերին, նախաձեռնությանը միացել են նաև Շվեյցարիայում:

Գյումրու անօթևան ընտանիքներին բնակարան նվիրաբերելու նպատակով օրերս Շվեյցարիայի գեղատեսիլ Լուգանո քաղաքում, շվեյցարաբնակ Թերեզա Մխիթարյանի նախաձեռնությամբ, կայացել է բարեգործական միջոցառում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են «Շիրակ կենտրոն»-ից, միջոցառումը խորհրդանշական էր, քանի որ մասնակիցները հիմնականում շվեյցարացիներ էին: Միջոցառմանը ներկա է եղել նաև Լուգանոյի քաղաքապետը, ով իր երախտագիտությունն է հայտնել Թերեզա Մխիթարյանին՝ Գյումրիի վերածննդի նպատակով շվեյցարացիներին համախմբելու մեծ աշխատանքի համար: Իտալացի բարերար« Հայաստանում արդեն երկար տարիներ բնակվող «Հոգ ընտանիքին» հիմնադրամի նախագահ Անտոնիո Մոնտալտոն իր հետ միջոցառմանը տարել էր գյումրեցի կանանց ձեռքի աշխատանքները: Ներկայացրած աշխատանքները հիացրել են շվեյցարացիներին, իսկ Հայաստանից ժամանած «Դոլմամա» ռեստորանային համալիրի տնօրեն Ժիրայր Ավանյանը, իր խոհարարական հմտություններով և հայկական ճաշատեսակների համ ու հոտով զարմացրել օտարերկրացիներին:

«Եվրոպայում ճանաչված շվեյցարացի ճարտարապետ, պրոֆեսոր Զնոտզին նաև խոստացավ աջակցել Գյումրու պատմամշակութային հուշարձաններով հարուստ կենտրոնի վերականգնման և ճարտարապետական ձևավորման աշխատանքներին: Իսկ շվեյցարացի մի խումբ բժիշկներ էլ իրենց ծառայությունն առաջարկեցին տնակներում ապրող երեխաների առողջական խնդիրների լուծմանը»,- նշում են «Շիրակ կենտրոն»-ից:

Միջոցառման ավարտին Թերեզա Մխիթարյանը հատուկ շնորհակալական խոսք է հղել շվեյցարացի բարեկամներին, համայնքային ներկայացուցիչներին և հատկապես Լուգանոյի քաղաքապետին` մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելու համար:

Բարեգործական ճաշկերույթի ընթացքում հանգանակված գումարը կբավարարի մեկ բնակարանի ձեռք բերման համար:

Արմենուհի Մխոյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում