Ա.Աբրահամը պարգևատրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով
Նմանատիպ
Այսօր՝ հունվարի 9-ին, ՀՀ սփյուռքի նախարարության հյուրն էր WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց հյուրին և ներկաներին, ներկայացրեց հայ ժողովրդի սերն ու համակրանքը վայելող, բացառիկ համեստ, ազգանվեր, ու մարդկային բարձր հատկանիշներով օժտված դյուցազնին: Նախարարը ընդգծեց այն մարդկային որակները, որոնց շնորհիվ ունենալով մեծ նվաճումներ՝ Արթուրը առանձնահատուկ կապվածությամբ ու սիրով է վերաբերվում իր երկրին ու ժողովրդին:
«Նա 80 անգամ հաղթել է ռինգում, մրցելով Գերմանիայի կողմից, հայ դյուցազնը ամեն անգամ իր հաղթանակը ազդարարում է՝ ծածանելով հայոց Եռագույնը: Եվ յուրաքանչյուր հերթական մենամարտից հետո Արթուր Աբրահամն անպայման այցելում է հայրենիք, հայրենի հողից ստանում ուժ ու զորություն, դարձյալ հաղթելու նոր զորավոր լիցքեր, վճռականություն», – նշեց ՀՀ Սփյուռքի նախարարը: Նա հոգատարություն, սեր ու նվիրվածություն է ցուցաբերում իր ընտանիքի, ծնողների նկատմամբ, առանձնահատուկ հարգանք ու ակնածանք է ցուցաբերում իր սիրելի մարզչի՝ Ուլի Վեգների նկատմամբ:
Նախարար Հ. Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ Ա. Աբրահամն իր կենսակերպով, վարքագծով ու մտածողությամբ Սփյուռքում ապրող երիտասարդության համար հրաշալի օրինակ է ծառայում. իր ընտրած բնագավառում ինքնահաստատվելով՝ պահպանել իր ազգային նկարագիրը, անխզելի կապը հայրենիքի հետ, ճանաչված ու գնահատված լինելով, մնալ հայկական արժեհամակարգի կրողն ու պահապանը: Արթուր Աբրահամը իրականացնում է նաև բարեգործական ծրագրեր: Նրա նվաճումները հպարտությամբ են համակում յուրաքանչյուր հայի էությունը՝ նպաստելով ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը հայ երիտասարդության շրջանում:
Սփյուռքի նախարարը WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին պարգևատրեեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:
Նախարարը առաջարկեց համագործակցել՝ համախմբելու սփյուռքի հայ մարզիկներին և նրանց ներուժն ու հնարավորությունները կիրառել հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման, հայպահպանության, հայրենիքի զորացման գործում:
Արթուր Աբրահամը շնորհակալություն հայտնեց նման բարձր պատվի արժանանալու համար և վստահեցրեց, որ կշարունակի իր համեստ բարեգործական գործունեությունը, սիրով կմասնակցի յուրաքանչյուր նախաձեռնության, որը կնպաստի հայ երիտասարդության համախմբմանն ու հայապահպանությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում