Իշխանությանն ընդառաջեցինք քաղաքական աջակցությամբ, որը ներքին աշխատանքի լավ հիմք չդարձավ. Արամ Մանուկյանը «4+4+4» ձևաչափի մասին

Իշխանությանն ընդառաջեցինք քաղաքական աջակցությամբ, որը ներքին աշխատանքի լավ հիմք չդարձավ. Արամ Մանուկյանը «4+4+4» ձևաչափի մասին

Բոլոր հանդիպումների ժամանակ իշխանությունները պնդում էին էլեկտրոնային գրանցման տարբերակը ներառել, և մենք դա ընդգրկեցինք մեր համաձայնեցված փաթեթային տարբերակի մեջ, սակայն անգամ այդ դեպքում իշխանությունները չհամաձայնեցին ընդունել մեր առաջարկները: Այս մասին «Ընտրական օրենսգրքի «4+4+4» ձևաչափի ամփոփում. զարգացումներ նոր նախագծի շուրջ» թեմայով  Մեդիա կենտրոնում հրավիրված քննարկմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ շեշտելով, որ իշխանություններին ընդառաջ են գնացել քաղաքական աջակցությամբ, որը ներքին աշխատանքի լավ հիմք չդարձավ. իշխանության մեկնած ձեռքն ադեկվատ չէր: 

«Մենք ներկայացրինք մեր 5 կետերը՝ որոշ զիջումների գնալով: Իշխանությունները բոլոր հանդիպումների ընթացքում էլէկտրոնային գրանցման տարբերակն էին պնդում, մենք այդ կետն էլ ընդգրկեցինք, ստացվեց 6 կետ՝ նաեւ իշխանության կետը: Մենք նույնիսկ տարաձայնություններ էինք ունենում ներսում, բայց գնացինք այդ փոխզիջման տարբերակին, և տարօրինակ էր, որ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ փաթեթային փոխզիջման մեր տարբերակն 99 տոկոսով քննարկելի չէ, ուստի  փուլը համարեցինք ձախողված:  Բայց դուռը չենք փակել»,-ընդգծեց Արամ Մանուկյանը: Պատգամավորը նաև պնդեց, որ ռեյտինգային քվեարկությունը քաոս է ստեղծելու. Թալինում ՏԻՄ ընտրության ժամանակ 6 ժամ չեն կարողացել հաշվել քվեաթերթիկները, որը, բնականաբար, իշխանությունների համար  լավագույն միջոցն է լուծելու իրենց խնդիրները:

Հանդիպմանը ներկա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նախ հիշեցրեց, որ իրենք նախապես հայտարարել են, որ «4+4+4» ձևաչափը միակը չի լինելու, ավելին՝ այստեղ  վերջնական որոշում չի կայացվելու: Սահակյանն ակնարկեց, որ իշխանություններն էլ իրենց հերթին են գնացել ջիջման՝ ոչ պարտադիր դարձնելով ազգային փոքրամասնությունների ցուցակը, համաձայնելով  հերթական համարների  տրամադրմանը, տեսասնկարահանող սարքերի տեղադրմանը և այլն:

«Քննարկումները բավականին արդյունավետ էին և դրանց արդյունքները արտացոլված են փոփոխություններում: Օրինակ, մատները թանաքոտելու փոխարեն էլեկտրոնային մատնահետք վերցնելը ներառված է փոփոխությունների մեջ: Կամ ասում ենք՝ մենք ձեզ վստահում ենք, գնացեք մաքրեք ցուցակները,  6 ամիս Հայաստանից բացակայողների անունները հատուկ ազդանշնով կնշվի: Այո, ասում ենք ձեզ հետ չենք գա, քանի որ ձևաչափին միացած միայն 200 հ/կ կա, որը կարող է իրականացնել այս գործը»,-շեշտեց  Հովհաննես Սահակյանը:

«Շատ կարևոր է պետության կողմից պատասխանատվությունը, որպեսզի ընդհանուր վստահության մթնոլորտ ստեղծվի, բայց, կարծես, պետությունը չստանձնեց նման պատասխանատվություն»,-հակադարձեց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը՝ նշելով, որ պետությունը չի ցանկանում մասնակցել ցուցակների մաքրման և տեսանկարահանման հետ կապված գործընթացներին, իսկ հերթական համարների տրամադրումն ըստ նրա, բնավ զիջում չէ, այսօր էլ հնարավոր է հավաքել այդ տվյալները: Եվ հետո՝ կարևոր է, որ ընդդիմությունն իշխանությանը վստահի: Մինչդեռ ըստ Այվազյանի, իրենք էլեկտրոնային գրանցման համակարգին վստահում են, բայց այն աշխատացնողներին՝ ոչ:

Սահակյանն այստեղ միջամտեց, թե իշխանության համար կարևորը ժողովրդի վստահության  բարձրացումն է:

Արդեն ուրբաթ օրը ԸՕ փոփոխությունների ենթարկված  նախագիծը քննարկման կդրվի  ԱԺ պետական-իրավական հարցերի  մշտական  հանձնաժողովում:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում