«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում տեղի ունեցող համերգների հասույթը կփոխանցվի Արցախին

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում տեղի ունեցող համերգների հասույթը կփոխանցվի Արցախին

Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային ութերորդ մրցույթ-փառատոնի շրջանակներում տեղի ունեցող բոլոր համերգների հասույթը կփոխանցվի Արցախին: Այս մասին տեղեկացրեց փառատոնի նախաձեռնության հեղինակ, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ղեկա վար Կարինե Ավդալյանը:Այս օրերին միջազգային մակարդակի մրցույթ-փառատոն կազմակերպելը, փառատոնի հյուրերը «հերոսություն» են համարում: ՌԴ ժողովրդական արտիստ Լևոն Օգանեզովը «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց, որ հատկապես այս օրերին է կարևորվում նմանատիպ միջոցառումների անցկացումը՝ բարձրաձայնելով նաև մշակութային ազգ լինելու մասին: Նմատիպ կարծիք հայտնեց նաև սիրված երգչուհի Զարուհի Բաբայանը:

«Այս օրերը, որոնք ընթանում են Գյումրիում, խանդավառության և ուրախության օրեր են. նման սեգ ու մութ օրերին ունենալ նման երաժշտական հրավառություն, կարծում եմ, բոլորիս համար հաճելի է: Ուրախ եմ, քանի որ քաղաքը կարծես նոր շունչ է առնում, մարդիկ սկսում են ժպտալ, լսում են երաժշտություն: Աշխարհահռչակ արվեստագների այցը, բնականաբար, ոգևորություն է և երաժշտական տոն: Հասկանում եմ մի բան՝ երբ սկսվում է «Վերածնունդ»-ը, Գյումրիից իսկական Գյումրու հոտ է գալիս՝ սկսվում է մշակույթ, խանդավառություն, ոգևորություն, լեցուն դահլիճ. դա անշուշտ ուրախ ացնում է: Բացառիկ է լսել Լևոն Օգանեզովի, ապա՝ Արմեն Ահարոնյանի ելույթները և կարծում եմ ամեն անգամ, երբ տեսնում ես նման հայերի, ովքեր ասելիք ունեն՝ քեզ շատ լավ ես զգում, գլուխդ բարձր ես պահում ու հասկանում ես՝ այդ մարդիկ, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, շատ ասելիք ունեն ու մեծ դեր, ու դու՝ նստած քո փոքրիկ Հայաստանում, քեզ զգում ես աշխարհի տիրակալներից մեկը»,- նշեց Զարուհի Բաբայանը:

Փառատոնը նվիրված է ՀՀ անկախության 25 ամյակին: Հաշվի առնելով վերջին օրերի դեպքերը, փառատոնի կազմկոմիտեի որոշմամբ, փառատոնն այս տարի կրում է «Արվեստն ընդդեմ պատերազմների և ահաբեկչության» խորագիրը: Արդեն 8-րդ տարին տարին անցկացվող փառատոնի կազմակերպիչներն են՝ Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը (նախագահ` Գաբրիել Ջամբարջի, հոգաբարձուների խորհրդի նախագահ` Լեւոն Սարգսյան), ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: Փառատոնն անցկացվում է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: 2016 թվականին «Վերածնունդ» փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել 36 երկրի ավելի քան 3 հազար մասնակից: Փառատոնի ամենակրտսեր մասնակիցը 5 տարեկան է, իսկ ամենաավագը՝ 58: Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի մրցույթները կանցկացվեն 18 երաժշտական անվակարգերում եւ 5 տարիքային խմբերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում