Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամը կայցելի Ծիծեռնակաբերդ
Նմանատիպ
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, իշխող կոալիցիայի մաս կազմող ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամ, դոկտոր Քրիստոֆ Բերգների այցը Հայաստան տեղի կունենա ապրիլի 21-24-ը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ք.Բերգները Բունդեսթագի՝ Հարավային Կովկասի երկրների հետ բարեկամության խմբի անդամ է: Միաժամանակ, նա որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հանդիսանում է Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ զեկուցողը:
Ք.Բերգները Հայաստան է ժամանում տարածաշրջանային այցի շրջանակներում` նախապես այցելելով Ադրբեջան և Վրաստան: Այցի նպատակն է` մասնակցել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին, ինչպես նաև քաղաքական հանդիպումներ ունենալ ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ:
Ապրիլի 22-ին գերմանացի պատգամավորը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ նախատեսվում է կարճատև շրջայց Ցեղասպանության թանգարանում, այնուհետև` ծաղկեպսակի զետեղում անմար կրակի մոտ:
Ք.Բերգները Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ 2005թ. Գերմանիայի Բունդեսթագում ընդունված բանաձևի նախաձեռնողներից է: Ներկայումս Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության դատապարտման ու ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման ջատագովներից է և ներգրավված է նոր նախագծի մշակման միջխմբակցային աշխատանքային խմբում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում