Բրիտանական միջազգային կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանում միակ անկախ Meydan TV-ի դեմ դատական գործ սկսելը

Բրիտանական միջազգային կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանում միակ անկախ Meydan TV-ի դեմ դատական գործ սկսելը

Խոսքի ազատության պաշտպանության Index on Censorship միջազգային կազմակերպությունը (Մեծ Բրիտանիա) հանդես է եկել Ադրբեջանում միակ անկախ Meydan TV հեռուստաալիքի դեմ քրեական գործ սկսելը դատապարտող հայտարարությամբ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է azadliq.info լրատվական կայքը:

«Meydan TV հեռուստաալիքը եւ նրա աշխատակիցներն անողոք հետապնդումների եւ ճնշումների են ենթարկվել Ադրբեջանի իշխանության կողմից: Ադրբեջանում լրագրողներին եւ այլ քննադատներին բանտեր ուղարկելու համար օգտագործվող նմանատիպ մեղադրանքներ են առաջադրվել նաեւ Meydan TV հեռուստաալիքի դեմ: Այդ քերական գործը ցույց է տալիս, որ Ադրբեջանի կառավարությունը նպատակ չունի փոխելու ազատ մամուլի, խոսքի ազատության դեմ իր վերաբերմունքը», -հայտնել է Index on Censorship-ի ներկայացուցիչ Մելոդի Փեթրին:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Meydan TV-ի եւ աշխատակիցների դեմ այդ հետապնդումները նոր չեն: Այդ մամուլի օրգանի աշխատակիցներն ու նրանց մերձավորները պարբերաբար ճնշումների են ենթարկվում եւ սպառնալիքներ ստանում:

Բրիտանական միջազգային կազմակերպությունն ընդգծել է, որ Ադրբեջանում ճնշումների է ենթարկվում նաեւ 2013 թվականին խոսքի ազատության պարգեւի հաղթող «Ազադլըգ» թերթը, ինչի հետեւանքով հրատարակությունը հայտնվել էր սնանկանալու շեմին եւ որոշ ժամանակով հարկադրաբար դադարեցրել էր գործունեությունը:

Հեռուստաալիքի փաստաբան Էլչին Սադըգովը «Թուրան»-ին հայտնել է, որ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Meydan TV հեռուստաալիքի 15 լրագրողների դեմ:

«Լրագրողներին արգելվել է երկրից ելքը, որոշների մոտ խուզարկություններ են անցկացվել եւ սարքավորումներ առգրավվել, ինչն արվել է նրանց վրա ճնշում գործադրելու միջոցով Meydan TV-ի ղեկավարության եւ գործընկերների դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով»,-ասել է նա:

Ըստ նրա, քրեական գործն իշխանությունները հարուցել են Մինգեչաուրում բնակչության բողոքի ակցիայի հետաքննության ժամանակ Meydan TV-ի ցուցադրած տեսանօութի պատճառով, որը պատմել էր այն մասին, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկված ցուցարարին խոշտանգումներից հետո նետել ոստիկանության շենքի պատուհանից: Բողոքի ակցիայի տեսանյութի ցուցադրությունը լրջորեն անհանգստացրել է իշխանություններին:

Meydan TV-ն ստեղծվել է 2013 թվականին, նրա գլխավոր գրասենյակը գտնվում է Գերմանիայում: Նախագիծը ղեկավարում է նախկին խղճի բանտարկյալ եւ բլոգեր Էմին Միլլին:

Միլլին հայտարարել է, որ լրատվամիջոցը չի զբաղվել որեւէ անօրինական գործունեությամբ: Ադրբեջանում Meydan TV-ին ոչ մի բիզնես գործունեություն չունի: Լրագրողների հետ համագործակցում է միայն հասարակական սկզբունքներով: Այդ պատճառով Միլլին գտնում է, որ աբսուրդ է իրենց դեմ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, հարկերից խուսափելու հոդվածներով հետաքննության անցկացումը, քանի որ իրենք հարկային պարտավորությունները կատարում են Գերմանիայի կառավարության հանդեպ:

Meydan TV-ի միակ նպատակը հանդիսանում է միջազգային համաձայնագրերի շրջանակում անկախ պրոֆեսիոնալ լրատվական գործունեության իրականացումը:

«Մեր միակ «հանցագործությունը» ազատ խոսքի մեր իրավունքի օգտագործումն է», -հայտարարել է Էմին Միլլին:

Նրա կարծիքով` Ադրբեջանում բացված քրեական գործը նպատակ է հետապնդում վախեցնել Meydan TV-ի հետ համագործակցող տեղացի լրագրողներին:

«Ադրբեջանում որեւէ անձ չկա, որը լիազորված է խոսել Meydan TV-ի անունից, ոչ մի լրագրող պատասխանատու չէ մեր գործունեության համար», -ասել է Միլլին:

Այդ քրեական գործով իշխանությունները խոչընդոտներ են ստեղծում լրագրողական գործունեության համար եւ ճնշում են դեմոկրատական մթնոլորտը, հայտարարել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում