ԱՄՆ-ն կանգնած է հայ ժողովրդի կողքին` հիշելով Մեծ եղեռնի սարսափը. Բարաք Օբամա

ԱՄՆ-ն կանգնած է հայ ժողովրդի կողքին` հիշելով Մեծ եղեռնի սարսափը. Բարաք Օբամա

Սպիտակ տան մամլո քարտուղարությունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա առթիվ, փոխանցում է Tert.am-ը:

«Այսօր հանդիսավոր կերպով ոգեկոչում ենք 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագության` Հայոց Մեծ եղեռնի հիշատակը, երբ միլիոն ու կես հայերի տեղահանել, կոտորել և արտաքսել են Օսմանյան կայսրության վերջին օրերին:

Հարգելով 1915-ի մռայլ օրերին տուժած մարդկանց հիշատակը և պարտավորվելով սովորել այս ողբերգությունից, որպեսզի այն երբևէ չկրկնվի, հարգանքի տուրք ենք մատուցում նաև նրանց օգնության հասած մարդկանց, որոնց թվում էր ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, ով իր ձայնը բարձրացրեց` փորձելով վերջ դնել բռնությանը: Նման ձայները, ինչպիսին Մորգենթաուինն է, շարունակում են կարևոր լինել վայրագությունների կանխման գործում:

Սա նաև հայ ժողովրդի ճկունությունը գնահատելու պահն է: Մենք հիշում են, թե ինչպես են հազարավոր հայ փախստականներ տասնյակ տարիներ առաջ նոր կյանք սկսել Միացյալ Նահանգներում` կազմելով կենսունակ ու զարգացած համայնք: Մենք շնորհակալ ենք նաև Հայաստանի ժողովրդին 17 000 սիրիացի փախստականների իրենց երկրում ընդունելու համար:

Անցյալից նայելով ապագային` մենք շարունակում ենք կարևորել պատմական հիշողությունը` որպես կանխման միջոց, և կոչ ենք անում փաստերի ամբողջական ու ազնիվ ճանաչման, ինչը կծառայի բոլոր կողմերի շահերին: Ես հետևողականորեն հայտնել եմ իմ սեփական տեսակետը 1915-ին տեղի ունեցածի վերաբերյալ, և իմ տեսակետը չի փոխվել:

Մենք ողջունում ենք այն մարդկանց տեսակետները, ովքեր փորձում են նոր լույս սփռել անցյալի մթության վրա` սկսած հայ և թուրք պատմաբաններից մինչև Ֆրանցիսկոս պապը:

Այսօր մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին` ողջ աշխարհում հիշելով Մեծ եղեռնի սարսափը և վերահաստատելով մեր աջակցությունը ժողովրդավար, խաղաղ և բարգավաճող Հայաստանին» , – ասել է ԱՄՆ նախագահը:

Թարգմանությունը՝  Tert.am կայքի

Հետևեք մեզ նաև Telegram-ում