Բունդեսթագի պատգամավորը ԵՊՀ-ում դասախոսություն է կարդացել ԵՄ Արևելյան գործընկերության դերի վերաբերյալ
Նմանատիպ
Գերմանական Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգները, ով Հայաստան է այցելել ապրիլի 23-ին կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում կարճ դասախոսություն է կարդացել: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Բունդեսթագի պատգամավորը միջոցառման մասնակիցներին հակիրճ ներկայացրեց իր տեսլականը ԵՄ Արևելյան գործընկերության, շահառու կողմերի օգուտների և ԵՄ տարածաշրջանի համար դրա կարևոր նշանակության վերաբերյալ:
«Եվրոպական միությունը կարևոր դերակատարություն է տալիս հարևանների հետ հարաբերությունների ջերմացմանն ու կայունացմանը: Այդ առաքելությունն իրագործելու համար մշակվել էր ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականությունը, որը հնարավորությունների փաթեթ է հետխորհրդային մի շարք երկրների, այդ թվում` նաև Հայաստանի համար»,- դասախոսության ընթացքում ասաց Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգները` անդրադառնալով նաև անցումային հասարակություններին, դրանց առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին, ԵՄ-ի և հարևանության երկրների միջև սերտ և խորը համագործակցության անհրաժեշտությանը:
«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ գերմանացի պատգամավորը խոսեց ոչ միայն պաշտոնական, այլև սեփական փորձի տեսանկյունից` նշելով, որ ինքն էլ է ապրել կոմունիստական հասարակարգում և լավ գիտի, թե ինչպիսի խնդիրներ են առաջանում անցումային երկրներում, այնպես որ Հայաստանի առջև ծառացած խնդիրները որոշակիորեն ընկալելի են: Բունդեսթագի ներկայացուցիչ Քրիստոֆ Բերգները խոսեց նաև Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված երկկողմ ջերմ հարաբերություններից` նշելով, որ դրանց հիմքում քիչ տեղ չունեն սերտ մշակութային կապերը:
Դասախոսությանը հաջորդած հարց ու պատասխանի ընթացքում Քրիստոֆ Բերգներն անդրադարձավ նաև ոչ միայն Հայաստան-ԵՄ, ԵՄ-Ռուսաստան, Հայաստան-Ռուսաստան կապերին, այլև խոսեց Հայոց ցեղասպանության և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը:
«Տարիներ առաջ Բունդեսթագում արդեն քննարկվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Այդ ժամանակ այն որպես կոտորած ներկայացվեց փաստաթղթում, սակայն քննարկումների ժամանակ ոչ ոք այն կոտորած չէր անվանում, բոլորն էլ այն ընկալում էին որպես ցեղասպանություն: Հունիսին սպասվող Հայոց ցեղասպանության թեմայով քննարկումները, կարծում եմ, բանաձևային կդառնան և կհստակեցվի, որ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել ցեղասպանություն: Ամենադաժան ցեղասպանություններից մեկն աշխարհում: Ես միանշանակ կողմ եմ քվեարկելու բանաձևին, քանի որ պետք է իրերն իրենց անունով կոչել, իսկ այն, ինչ տեղի է ունեցել, ցեղասպանություն է կոչվում»,- ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի` ասաց Բունդեսթագի պատգամավորը:
Քրիստոֆ Բերգները դժվարացավ «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասնել, թե արդյոք բանաձևին կարո՞ղ է հաջորդել նաև Հայոց ցեղասպանության մերժումը քերականացնող օրենքը, սակայն նշեց, որ այդօրինակ երևույթի զարգացումը մի փորր անիրատեսական է իր համար. «Գերմանիան կարծիքների արտահայտման առումով ազատ երկիր է, այնպես որ դժվարանում եմ կանխատեսում անել: Ինչևէ, ես շարունակում եմ պնդել, որ 20-րդ դարասկզբին հայերի նկատմամբ տեղի է ունցել ցեղասպանություն և դա պետք է ամրագրել բանաձևում»:
Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վերջին օրերի սրացման և լարվածության մասին՝ Բունդեսթագի պատգամավորը անկեղծորեն նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Գերմանիան չնայած չի կարող լուծել հակամարտությունը, սակայն փորձելու է ամեն կերպ նպաստել դրա խաղաղ կարգավորմանը. «Եվրոպական երկրների համար բավականին դժվար է խնդրին օբյեկտիվ գնահատական տալ, քանի որ մինչև այժմ չկան մշտադիտարկման մեխանիզմներ: Չկա նաև համակարտ ուժերի շփման գծի վերահսկողություն, ինչը ևս հավելյալ բարդություն է օբյեկտիվորեն խնդրին անդրադառնալու համար: Գեր մանիան չի կարող լուծել առկա հակամարտությունը, բայց Մինսկի խմբի անդամ մյուս երկրների պես կարող է աջակցել լուծումներ գտնելու հարցում: Սա է իմ տեսլականը: Եթե հնարավոր է խաղաղ բանակցել, ապա ես կողմ եմ դրան»:
Բունդեսթագի ներկայացուցիչը դասախոսության վերջում շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ակտիվության և հետաքրքրվածության համար` նշելով, որ մեկտեղված տեսնելով բազում երիտասարդ մարդկանց` ինքը մեծ ցանկություն ունի քաջալերելու նրանց լինել էլ առավել ակտիվ քաղաքացիներ:
ԵՄ, Արևելյան գործընկերության քաղաքականություն, Գերմանիա, Հայաստան, Հայաստան-ԵՄ
Հետևեք մեզ նաև Telegram-ում